Նոր տարին արդեն ժամանել է բոլորիս բնակարաններ ու իր հետ էլ անթիվ-անհամար հյուրեր է բերել: Չես հասցնում հաջողություն մաղթել հյուրերի մի խմբին, երբ նույն ոգևորությամբ ու մե՜ծ ախորժակով ժամանում է մյուս խումբը: Իսկ ամանորյա սեղանների բարիքներն էլ անվերջանալի չեն:
Որպեսզի ձեր սեղանը երբեք չդատարկվի, և հյուրերն էլ չդադարեն զարմանալ և հիանալ ձեր ինքնատիպությամբ, ձեզ առաջարկում ենք նոր բաղադրատոմս՝ ամանորյա մանկական տորթեր շարքից:
Ի՞նչ է հարկավոր.
Տոստի համար նախատեսված հաց, 15 շերտիկ
Տոստի համար նախատեսված հալեցրած պանիր, 8 շերտիկ
Մի փունջ սամիթ
17 մանր լոլիկ
Մայոնեզ կամ կարագ
Ինչպե՞ս ենք պատրաստում
Վերցրեք հացի երկու շերտ, դրանցից մեկի վրա քսեք կարագ և ծածկեք մյուս շերտով: Այդ շերտի վրա նույնպես կարագ քսեք, ապա վրան դրեք հալեցված պարի շերտիկը: Պատրաստեք 4 այսպիսի երկշերտ բուտերբրոդ, եռանկյունաձև բաժանեք դրանք երկու մասի: Դասավորեք շրջանի տեսքով, դրանք մեր եղևնի-տորթի ստորին «տերևներն» են: Յուրաքանչյուր տերևիկի վրա մի փոքրիկ փունջ սամիթ դրեք:
Ապա պատրաստեք ևս երկու երկշերտ բուտերբրոդ, բաժանեք դրանք արդեն չորս մասի, այս կտորներից նույնությամբ կազմեք եղևնու «տերևիկների» երկրորդ շերտը: Եվ վերջապես, ևս մեկ բուտերբրոդ պատրաստեք, բաժանեք 8 մասի ու կազմեք երրորդ շերտը:
Իսկ հիմա ամենակարևոր մասը. պատրաստում ենք մեր եղևնու վերին շերտը: Հացի մեկ շերտի վրա քսեք կարագ կամ մայոնեզ, բաժանեք երկու մասի, դրեք դրանք իրար վրա և երկշերտ բուտերբրոդից կտրտեք 4 փոքրիկ եռանկյունի: Ապա նրանցից յուրաքանչյուրը՝ ևս երկու շերտի: Շարեք դրանք եղևնու գագաթին և ծածկեք սամիթի տերևներով:
Ընտրեք սամիթի մի փունջ և դրեք այն եղևնու գագաթին՝ վերին շերտի «տերևիկների» արանքում: Իսկ ամենավերջում չմոռանաք զարդարել եղևնին փոքրիկ լոլիկներով: