Լինում է, չի լինում` մի տղա, անունը` Գարիկ: Գարիկը 11 տարեկան էր և չուներ քույր և եղբայր, քանի որ ծնողները ապրում էին ոչ հարմարավետ տնակում և չէին ցանկանում այդ պայմաններում շատ երեխաներ ունենալ: Բայց Գարիկը մեծանում էր և ամեն օր երազում քույր կամ եղբայր ունենալու մասին:
Մի գեղեցիկ, պայծառ աշնանային օր Գարիկը վերադառնում էր դպրոցից տուն` ուրախ-զվարթ զրուցելով ընկերների հետ: Ճանապարհին մեկը մյուսի ետևից տղաները բաժանվեցին իրարից և գնացին ամեն մեկը իր տուն: Իսկ Գարիկը չգիտես ինչու որոշեց շեղվել ճանապարհից և գնաց արկածներ փնտրելու:
Գնաց նա, գնաց շատ թե քիչ, մեկ էլ հայտնվեց մի բացատում: Նայեց շուրջբոլորը` մարդ չկար: Այս պահին չեմ կարող ասել` վախեցավ նա, թե ոչ, բայց որ մի փոքր անհանգիստ էր, դա երևում էր նրա որոնողական հայացքից: Եվ, քանի որ տղան հավատում էր Աստծուն, սկսեց աղոթել: Մի քանի րոպեից կուտակվեցին սև-մութ ամպեր, և անմիջապես սկսեց անձրևել: Արդեն խուճապի մեջ հայտնված տղան սկսեց անկանոն վազել աջ ու ձախ և բարձրաձայն օգնության կանչել:
Այդ պահին մի ծեր կին, անչափ հանգիստ քայլելով, մեղմ ժպիտը դեմքին հայտնվեց Գարիկի կողքին և հրավիրեց իր տուն: Խուճապի մատնված Գարիկն անմիջապես հանգստացավ և անծանոթուհուն վստահելով՝ հետևեց նրան: Ոչ հորդառատ անձրևը, ոչ մռայլված երկինքը, ոչ էլ հեռվում մնացած տունը չէին հուզում այդ պահին տղային: Նա գերված էր անծանոթուհու իմաստուն խորհուրդներով և հետաքրքիր պատմություններով: Պարզվեց, որ այդ տատիկն ապրում էր մարդկանցից հեռու մի փոքրիկ հյուղակում, մեն-մենակ և ոչ հարմարավետ պայմաններում:
– Ժամանակին ես հարուստ էի,- պատմեց նա Գարիկին,- և ապրում էի ոսկու մեջ: Ունեի այն ամենը, ինչ կարող է մարդ երազել, ամուսինս հաջողակ գործարար էր: Բոլորը նախանձում էին մեզ:
Նա մի պահ մռայլվեց, հուզվեց: Ինչ-որ տանջող ցավ կար նրա հոգում: Գարիկը լուռ լսում էր և չէր համարձակվում հարցերով անհանգստացնել նրան:
-Աստված մեզ մի բանից էր զրկել,- շարունակեց տատիկը,- մենք չէինք կարող երեխա ունենալ, բայց երազում էինք շատ երեխաների մասին, գոնե` չորս`երկու տղա, երկու աղջիկ: Երազանքը մնաց չիրականացած: Ամուսինս հիվանդացավ, մահացավ, ես էլ ողջ ունեցվածքս նվիրեցի մանկատանն ու հեռացա մարդկանցից: Իմ արարքն Աստված գնահատեց և ինձ օժտեց գերբնական ուժով: Հիմա ես կարող եմ այնպես անել, որ բարի մարդկանց երազանքներն իրականանան:
Եվ Գարիկը պատմեց տատիկին իր երազանքի մասին: Տատիկը մի փոքրիկ թուղթ վերցրեց, վրան ինչ-որ բան գրեց, հետո ծալեց ու դրեց Գարիկի գրպանը և պատվիրեց այն տալ մայրիկին: Նա չհասցրեց շնորհակալություն հայտնել բարի անծանոթուհուն, որովհետև չգիտես ինչպես անմիջապես հայտնվեց տունդարձի ճանապարհին: Օրը պայծառացավ, արևը ջերմացնում էր Գարիկին: Նա իրեն այնքան ուրախ էր:
Հանկարծ լացի ձայն լսվեց: Տղան նայեց շուրջբոլորը, և տեսավ բարուրի մեջ փաթաթված նորածնի: Գարիկը վերցրեց փոքրիկին, և վերջինս անմիջապես հանդարտվեց ու ժպտաց: Տղան երջանկությունից յոթերորդ երկնքում էր: Նա անմիջապես տուն վազեց: Մայրիկը Գարիկի ուշացումը չէր էլ նկատել, ասաց, որ անձրև էլ չէր եկել: Իսկ նորածնի հայտնվելը ուրախ չընդունեց, որոշեց տանել մանկատուն: Այդ պահին Գարիկը հիշեց թղթի մասին, հանեց գրպանից և մեկնեց մայրիկին: Մայրիկը կարդաց, արտասվեց և պահեց փոքրիկին:
«Տեսնես՝ ի՞նչ էր գրված թղթի մեջ»,- փորձեց կռահել Գարիկը, բայց դա նրան երկար չհուզեց: Չէ՞ որ ինքն արդեն եղբայր ուներ: Իսկ դա ամենից կարևորն էր:
Գրիգորի (Գարիկ) Գաբրիելյան
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի
11 տարեկան