Իսկ հիմա ժամանակն է մեր թշնամիների՝ գորտերի մասին խոսելու: Չէ՞ որ թշնամիներին էլ է պետք ճանաչել: Իսկ եթե դու դեռ հարցնում ես, թե ինչու են գորտերը մեր թշնամիները, ասեմ: Հասուն գորտն իր կյանքի ընթացքում ավելի քան երեք տոննա մոծակ է ուտում: Վստահ եմ, որ այս սարսափելի վիճակագրությունն իմանալուց հետո դու էլ հարցեր չես ունենա: Դե ուրեմն, սկսենք…
Գորտերը համարվում են երկկենցաղ, կարող են և ցամաքում ապրել, և ջրում՝ գետերում, լճերում, ջրավազաններում, ճահիճներում ու ջրափոսերում: Կարևորն այն է, որ շատ ջուր լինի, ուտելիք ու հաճելի տաք եղանակ: Դրա համար էլ ձմռանը խոր քուն են մտնում ջրի հատակին:
Իսկ երբ գալիս է գարունը, գորտերի հրաշալի կյանքը նորից է սկսվում: Իսկ ուտելիք ինչքան ասես կա՝ բզեզներ, ճանճեր, մլակներ և … մոծակներ: Այնպիսի լեզու ունե՜ն որ…Նրա օգնությամբ էլ իրենց համար ուտելիք են որսում: Գորտերը նաև ատամներ ունեն: Բայց, գիտե՞ս, նրանք չեն կարողանում տարբերել համերը, ուտում են ու ոչինչ չեն զգում, միայն կշտանում են: Բա տեսնո՞ւմ ես, ուտում են մերոնց, բայց համն էլ անգամ չի հետաքրքրում նրանց:
Գորտերի ձագուկները սկզբում շերեփուկների տեսքով են լույս աշխարհ գալիս, իսկ հետո մեծանում ու իսկական գորտ են դառնում: Գոյություն ունեն նաև թունավոր գորտեր, բայց նրանցից խուսափելը շատ հեշտ է, թունավոր գորտերը շատ վառ գույնի են, այդպես նրանք էլ են զգուշացնում, որ իրենցից պետք հեռու մնալ:
Իսկ ինչ գորտերի չափերին է վերաբերում, ասեմ…Նրանցից ամենամեծը կշռում էր 3 ու կես կգ, իսկ ամենապստոն գիշերային գորտ է, նրա երկարությունը մեկ սանտիմետրից մի քիչ փոքր է: Իսկ գիտեի՞ր, որ գորտերը նաև թռչել գիտեն… Մինչև ձեր բնակարանի առաստաղի բարձրության կարող են թռչել:
Բա, այսպիսի բաներ գորտերի մասին: Իսկ հիմա քո թույլտվությամբ թեման փոխենք: Խոսենք ավելի ուրախ բաների՝ օրինակ մոծակների մասին: Դե շուտ, փոխիր էջը…