Այս հետաքրքիր միտքն առաջին անգամ արտահայտել է իրանցի թատերական գործիչ Ջիվադ Զոլֆագարիխոն: 2000թ. Տիկնիկային թատրոնների միջազգային 18-րդ կոնֆերանսի ժամանակ նա առաջարկեց հատուկ օր նվիրել տիկնիկավարներին: Երկար քննարկումներից հետո որոշվեց տիկնիկավարի տոնը նշել մարտի 21-ին: Եվ 2003 թ. մարտի 21-ից տիկնիկային թատրոնների սիրահարները սկսեցին նշել Տիկնիկավարի միջազգային օրը:
Այս օրը բոլոր տիկնիկային թատրոններում ներկայացումներ են լինում, կազմակերպվում են հանդիպումներ ու քննարկումներ և այս հնագույն արվեստի սիրահարներն ու վարպետները միավորվում են մեկ գաղափարի շուրջ ու դառնում մեկ ուրախ տոնի մասնակից: Տիկնիկային արվեստը մանկության անմեղությունն ու պարզությունն է և փիլիսոփայի իմաստությունը, այն պարզ ու մատչելի է և միևնույն ժամանակ շատ խորիմաստ ու խորհրդավոր:
Իսկ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական Տիկնիկային թատրոնում այսօր փոքրիկներին ու նրանց ծնողներին թատրոնի տիկնիկավարները սպասում են «Գայլի և ուլիկների նոր արկածները» ներկայացմամբ: Ուրախ օր աշխարհի բոլոր տիկնիկներին, տիկնիկավարներին և տիկնիկային արվեստի հրաշք աշխարհ թափանցող հանդիսատեսին:
Անահիտ Ալեքսանյան