Այսօր կոնֆետների ու քաղցրավենիքների հսկայական տեսականի կա, բայց տարիներ առաջ դրանք մատների վրա կարելի էր հաշվել: Նրանք քիչ էին, բայց նրանց համն անփոխարինելի է մնում մինչև այսօր, իսկ նրանց հետ կապված հաճելի հիշողությունները երբեք չեն մոռացվում:
Այդ քաղցավենիքների շարքում իր պատվավոր տեղն էր զբաղեցնում շաքարաքլորը՝ կպչուն, գույնզգույն կոնֆետը փայտե ձողիկի վրա: Այն միշտ կարելի էր գտնել կրպակավաճառ տատիկների մոտ:
Երեխաների աչքերը փայլում էին այդ մեծ տեսականին տեսնելով: Հազար գույնի ու ձևի, դրանք, միևնույն է, կոչվում էին շաքարԱՔԼՈՐ: Մեկը արջի տեսքով շաքարաքլորն էր սիրում, մյուսը՝ նապաստակի, իսկ ես իմ ողջ կյանքում փնտրեցի ու այդպես էլ չգտա ոչխարի կերպարով շաքարաքլոր: Հիմա էլ ոչ մի կերպ չեմ կարողանում բացատրություն գտնել իմ տարօրինակ երազանքի համար:
Շաքարաքլոր պատրաստում էին նաև մեր մայրիկները՝ միայն թե հատուկ առիթներով: Դրա համար նախատեսված խոհանոցային կաղապարներ կային, որոնց միջից էլ դուրս էր գալիս այդքան բաղձալի շաքարաքլորը:
Իսկ շաքարաքլորներ աշխահում հայտնվել էին մեր ծնվելուց շատ ու շատ տարիներ առաջ: Դեռ 13-րդ դարում դրանք հայտնի դարձան Ռուսաստանում: Սկզբում շաքարաքլորները համարվում էին իսկական շքեղություն և վայել էին միայն ազնվականների քիմքին: Իսկ հետո, երբ շաքարը հասանելի դարձավ նաև հասարակ խավին, սկսեցին պատրաստվել ամենատարբեր կենդանիների տեսքով շաքարաքլորներ: 19-րդ դարի նկարիչների կտավներում պատկերված երեխաների ձեռքին շատ հաճախ կարելի էր տեսնել դրանք: Ցավոք հայտնի չէ, թե ով է պատրաստել առաջին շաքարաքլորն ու ինչու է այն անվանել այդպես:
Շաքարաքլորի իշխանությունը շարունակվեց մինչև 1990-ական թվականները, մինչև լույս աշխարհ եկավ Մեծն Չուպաչուպսը, բայց դա արդեն ուրիշ պատմություն է, որը մի օր անպայման կպատմենք: Իսկ մեր շաքարաքլորին, թեկուզ և գահընկեց եղած, մենք հաստատ չենք մոռանա ու մեր մանկությունը հիշելիս, կհիշենք նաև մեր մանկության ամենահամեղ քաղցրավենիքը:
Անահիտ Ալեքսանյան