ԼԵԳԵՆԴԱՐ ՉԱՐԼԻ ՉԱՊԼԻՆԸ

1 min


«Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն»:

Փոքրիկ Իշխան

1889 թվականի ապրիլի 16-ին Լոնդոնյան մի բնակարանում լույս աշխարհ եկավ սովորական մի փոքրիկ: Նրան կոչեցին Չարլզ Սպենսեր Չապլին: Փոքրիկի ծնողները՝ Լիլի Հարլին և Չարլզ Չապլինը դերասաններ էին և ծանոթացել էին միևնույն ներկայացման մեջ խաղալիս: Դերասան ծնողների պես փոքրիկ Չարլին էլ բեմ բարձրացավ, երբ ընդամենը 5 տարեկան էր: Ծնողներին, սակայն, նա շատ վաղ կորցրեց: Հայրը, որ հրաշալի երգում էր, կորցրեց ձայնն ու վշտից սկսեց խմել: Նա մահացավ, երբ Չարլին փոքրիկ երեխա էր:  Միայնակ մնացած մայրը, չդիմանալով ծանր բեռին, խելագարվեց երկու տարի անց: Չարլին քաղցած ու միայնակ մանկություն ունեցավ, սակայն դժվարությունները նրան ավելի ուժեղ դարձրին:

Շուտով Չարլին լավ պարողի համբավ ձեռք բերեց թատրոնում և փոքրիկ աշխատանք ստացավ: Նա սկսեց նաև ջութակ նվագել և օրական մինչև 16 ժամ պարապում էր: Շուտով հաջողությունը Չարլիին էլ ժպտաց և այդուհետ սկսեց ուղեկցել նրան: Սակայն Չարլին չէր դադարում աշխատել իր վրա: Եվ շուտով նրա տաղանդը նկատեցին հանարահայտ ռեժիսորներ: Նա ստեղծեց «թափառաշրջիկ Չարլիի» կերպարը, որը մինչև այսօր կինոյի ամենահայտնի կերպարներից մեկն է: «Թափառաշրջիկ Չարլին» նկարահանվեց շուրջ մեկ տասնյակ ֆիլմերում, իսկ հետո Չապլինը նաև ռեժիսոր դարձավ: Նա հանդես էր գալիս և որպես ֆիլմի ռեժիսոր, և որպես դերասան: Չարլի Չապլինը լավագույն կատակերգակ դերասանը և համր ֆիլմերի արքան դարձավ ամբողջ աշխարհում:

Չապլինի համբավն այնքան մեծ էր, որ անգամ կազմակերպվում էին Չարլի Չապլինի նմանակման մրցույթներ: Մի անգամ Չապլինն ինքը մասնակցեց այդպիսի մրցույթի: Սակայն ժյուրին նրան անգամ եզրափակիչ չանցկացրեց:

Չապլինը հրաժարվեց նկարահանել հնչյունային ֆիլմեր, և հնչյունային ֆիլմերի թողարկումից միայն 10 տարի անց հանդես եկավ նաև հնչյունային ֆիլմում: Չարլի Չապլինը աշխարհի մեծագույն ռեժիսորներից մեկն էր: Կատակերգական ժանրի ֆիլմերում մինչև այսօր էլ գործում են նրա հաստատած կանոնները: Նրա լավագույն ֆիլմերից են «Փոքրիկը», «Մեծ քաղաքի լույսերը», «Ոսկու տենդը», «Կրկես», «Նոր ժամանակներ» և այլն, իսկ ընդհանուր թվով դրանք 4 տասնյակից ավելի են: Չապլինի 3 ֆիլմ տեղ են գտել ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում («Ոսկու տենդը», « Նոր ժամանակներ», «Մեծ քաղաքի լույսերը»), իսկ «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմը ընդգրկվել է Ամերիկյան բոլոր ժամանակների «10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի» ցանկում՝ գլխավորելով ռոմանտիկ կատակերգությունների ցուցակը:
Չարլի Չապլինն ապրեց 88 տարի, որից 79-ը անցկացրեց բեմում ու հեռուստաէկրանին:
charlie_chaplin_44837-1024x768
Չապլինի համեստ, հմայիչ, զվարճալի արտաքինով պատանու կերպարը հարազատ էր բոլորին: Նա խորհրդանշում էր հին ու բարի ժամանակներն ու մարդկային պարզ ու մաքուր հարաբերությունները: Չապլինի կերպարն ուրախանում էր, տխրում, կատակում ու զվարճացնում առանց խոսքերի և բոլորը զարմանալի կերպով հասկանում էին նրան: Թերևս հենց լռության մեջ էր թաքնված Չապլինի հմայքը:

Annex - Chaplin, Charlie (Gold Rush, The)_04

Կինոյի պատմության մեջ հայտնի չէ մեկ այլ անուն, որ Չապլինի պես երկար համարվի լավագույնը լավագույնների մեջ: Չապլինի տաղանդն ու արտիստիզմը մնում են անգերազանցելի, իսկ նրա հմայիչ ու ամաչկոտ ժպիտը մեկ անգամ տեսնելուց հետո չի կարող մոռանալ ոչ մի կինոդիտող…

Անահիտ Ալեքսանյան


Mocak