ՈՒ՞Ր Է ԿՈՐՉՈՒՄ ԱՐԵՎԸ


Երևի շատերդ ինձ հետ կհամաձայնեք, որ ցերեկն ավելի ենք սիրում, քան գիշերը, չէ՞ որ հենց ցերեկն ենք կարողանում խաղալ, դուրս գալ զբոսնելու, դպրոց գնալ, և անել այն ամենը, ինչ մենք ենք ուզում, իսկ երբ արևը շողում է մեր գլխավերևում տրամադրությունն ավելի է բարձրանում, բայց ահա ամեն օր գալիս է այն պահը, երբ  արևը մայր է մտնում, հեռանում է մեզնից՝ իր տեղը զիջելով լուսնին: Այդ ժամանակ շտապում ենք քնել, և թվում է, թե գիշերն ակնթարթ է տևում, իսկ ցերեկը՝ երկար ու ձիգ ժամեր: Համոզված եմ հիմա կհարցնեք՝ իսկ ու՞ր է գնում արևը գիշերը:

Իրականում արևը ոչ մի տեղ էլ չի գնում: Պատճառն այն է, որ մեր երկիր մոլորակը միշտ շարժման մեջ է, և 24 ժամվա ընթացքում կատարում է մեկ լրիվ պտույտ իր առանցքի շուրջը: Եվ այնպես է ստացվում, որ մեր մոլորակի մի մասը ուղղված է դեպի արևը, և այդ մասում ցերեկ է, իսկ մյուս մասում, որին արևին հակառակ է լինում, գիշեր է լինում:

Կա ևս մի պատճառ, որը երբեմն մեզ հեռու է պահում արևի շողերց: Դա էլ մառախուղն է, երբ երկիրը պատվում է ամպի բարակ շերտով, և երկինքը մեզ շատ մոտ է թվում: Սովորաբար մառախուղներ լինում են աշնանը, երբ օդը շուտ է սառչում, բայց երկիրը դեռ դրան պատրաստ չի լինում: Քաղաքում մառախուղն ավելի խիտ է լինում, քան գյուղում, քանի որ ի տարբերություն քաղաքի օդի, որը ողողված է փոշիով, գյուղում օդն ավելի մաքուր է: Մառախուղներ ամենաշատը լինում է Կանադայում, երբ տաք ու սառը օդը խառնվում են իրար: Հաճախ թվում է, թե մառախուղն ավելի խիտ է, քան ամպը, պատճառն այն է, որ մառախուղի կաթիլները չափսերով ավելի փոքր են:

Տեսնու՞մ եք արևը մեղավոր չէ, որ երբեմն – երբեմն ստիպված է լինում հեռանալ, նա ոչ նեղանում է մեզնից, ոչ էլ թաքնվում, պարզապես երկիր մոլորակի օրենքներն են այդպիսին:

Տիգրանուհի Թասլակյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։