Որքան հասկացա, դու միայն կողմ ես մայրիկի համար անակնկալներ պատրաստել քո ձեռքերով: Իսկ ինչու՞ դա չանել նաև խոհանոցում: Բայց գաղտնիքը չբացահայտես մինչև ամեն ինչ պատրաստ չլինի, այլապես դա չի կոչվի անակնկալ: Եթե արդեն լվացել ես ձեռքերդ, ես առաջարկեմ երկու համեղ և պարզ բաղադրատոմս:
Առաջինը սրտիկ ձվածեղն է, ինչի համար քեզ անհրաժեշտ է`
- 1 ձու
- 1 նրբերշիկ
- Ձեթ կամ կարագ
- Ատամի փայտիկ
Պատրաստել պետք է այսպես. նրբերշիկը պետք է բաժանել երկու մասի, սակայն ոչ մինչև վերջ, հետո կտրված ծայրերը միացնել իրար և ամրացնել փայտիկով: Երկու կողմից լավ տապակիր ձեթով, յուղով կամ կարագով: Մնաց միայն ձուն. ջարդիր հենց սրտի մեջտեղում: Եվս մի քանի րոպե և պատրաստ է:
Երկրորդը սրտիկ բուտերբրոտն է, որը պատրաստելն է՛լ ավելի հեշտ է: Բաղադրիչներն են`
- 1 հատ կլոր հաց
- 1շերտ պանիր
- 1 շերտ երշիկ
- Կարմիր պղպեղ
- Կանաչիներ` համեմ և սամիթ
Անցնիր գործի: Երշիկը կտրիր սրտաձև, իսկ պղպեղին տուր սլաքի տեսք: Հացի վրա դիր համեմը, ապա պանիրը, երշիկը: Սամիթը անցկացրու սրտիկի միջով և ծայրում դիր պղպեղը: Անակնկալը մատուցելու ժամանակն է` միայն թե չմոռանաս հյուրասիրել նաև հայրիկին:
Անի Ավագյան