Մայիսը հաղթանակների ու տոների ամիս է: Իսկ մայիսի 9-ը հայ ժողովրդի համար կրկնակի տոն է: Այսօր մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրերը։ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը իր մեծ ներդրումն ունեցավ ու քաջաբար պայքարեց հանուն խաղաղության: Շատերս ենք հպարտանում մեր պապիկների հուշամեդալներով, որոնք նրանց քաջության ու հերոսության վկայությունն են: Այսօր նրանք բոլորի ուշադրության կենտրոնում են, և երևի հիմա կրկին ընկել են հուշերի գիրկն ու երանությամբ հիշում են հաղթանակի օրերը: Փորձենք մենք էլ այսօր կիսել նրանց երջանկությունը և հոգատար վերաբերմունք ու ջերմություն տանք ամեն օր ու ամեն վայրկյան:
Իսկ 1992-թ. –ին երբ աշխարհը նշում էր Հայրենական պատերազմի հաղթանակի օրը, մեր օրացույցում մայիսի 9-ը նշանավորվեց նոր հաղթանակով: Այդ օրը Ղարաբաղյան պատերազմում ազատագրվեց Շուշին: Այս հերոսական քայլը բեկումնային եղավ ողջ պատերազմի համար և թույլ տվեց վերադարձնել հայրենի հողը ու շարժվել առաջ: Հայ մարտիկները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ պատրաստ են և կարող են պաշտպանել մեր ազատությունն ու անկախությունը:
Իսկ հիմա Հայաստանին ամենից առաջ խաղաղություն է հարկավոր եւ խաղաղության մեջ նվաճված հաղթանակներ: Եվ թող դրանք լինեն հաղթանակներ սպորտում, արվեստում, գիտության մեջ: Մեր Հայաստանին հիմա այս հաղթանակներն են հարկավոր, ավելի ուժեղ ու հզոր պետություն դառնալու համար: Մեր յուրաքանչյուրի փոքրիկ հաղթանակները հենց Հայաստանի հզորությունն են: Յուրաքանչյուրիս լավ արված աշխատանքը, լավ յուրացված գիտելիքները, սիրով ու հարգանքով լի ընտանիքները, ահա սրանք միասին պետք է կազմեն Հայաստանի հզորությունը: Յուրաքանչյուրս մեր առաքելությունն ունենք ու մեր դերը, և այն իրականում անփոխարինելի է…
Այսօր բոլորիս տոնն է ու բոլորս ենք շնորհավորում իրար: Ասում ենք շնորհավոր մեծագույն զոհողությունների գնով մեր հայրենիքն ազատագրած մեր պապիկներին ու հայրիկներին: Շնորհավոր բոլոր երիտասարդ զինվորների տոնը, ովքեր այսօր հպարտությամբ շարունակում են նրանց գործը և շնորհավոր նաև այն բոլոր փոքրիկների տոնը, ովքեր այսօր նկարում են Հայաստանի ապագան, այն փոքրիկների տոնը, ովքեր ստեղծելու են իրենց երազանքների պայծառ, ուրախ ու գունավոր հայրենիքը…
Այսօր մենք կարող ենք լինել հպարտ ու գլուխներս բարձր. և ասել. հավսար, զգաստ, հավասարությունը դեպի… Հաղթանակած Հայաստան:
Անահիտ Ալեքսանյան