ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ


15 shares
բանաստեղծություններ տարվա եղանակների մասին

Տարվա յուրաքանչյուր եղանակ անկրկնելի է, առանձնահատուկ և ունի միայն իրեն հատուկ հրաշքները: Առաջարկում եմ ծանոթանալ տարվա չորս եղանակների մասին հայ բանաստեղծների այս հրաշալի բանաստեղծություններին, և, ինչու ոչ, նաև սովորել դրանք ու զարմացնել բոլորին…

Advertisements

ԳԱՐՈՒՆ

Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:

Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:

Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:

Ծառը պտկեց,
Տվեց բողբոջ,
Աղբյուրն հանեց
Անուշ խոխոջ:

Փռվեց կակաչ
Սարի լանջին,
Կարմրեց մորին
Թփի միջին:

Դաշտը թավիշ
Զգեստ հագավ,
Կանգնեց քարին
Երգեց կաքավ:

Արոտ գնաց
Ծնած մաքին,
Կաթը տվեց
Անուշ ձագին:

Աթաբեկ Խնկոյան

ԱՄԱՌ

Խաղաղ դաշտերին
Իջել է ամառ,
Բերել է երկրին
Բարիք անհամար:

Քամին մողմօրոր
Համբույր է տալիս,
Հասկերը շորոր
Գնում են, գալիս:

Տանձը դեղնել է,
Խնձորը՝ շիկնել,
Սեխը ելել է՝
Իր թաղին թիկնել…

Կրակ է մաղում
Արևը վերից,
Խաղողն է շողում
Կանաչ թփերից…

Ծաղկած դաշտերին
Իջել է ամառ,
Բերել է երկրին
Բարիք անհամար:

Ղ. Ղարիբյան

ԱՇՈՒՆ

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։

Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բույն։

Հովհաննես Թումանյան

բանաստեղծություններ տարվա եղանակների մասին

ՁՄԵՌ

Ծառը մերկացավ
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից:

Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց.
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց:

Ձյունը ծնկահար
Նստեց մեր ճամփին,
Սիպտակ հյուսերը
Կիտեց գետափին:

Աթաբեկ Խնկոյան

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ

Թե գարուն է նախշ-նախշուն,
Նա ինչե՞ր է մեզ բաշխում.
– Ծիլ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Ալ ու ալվան վարդ շաղոտ:

Թե ամառ է, շոգ ամառ,
Ի՞նչ է բերում մեզ համար.
– Ցորեն, գարի ու հաճար՝
Ամեն հոգսի դեղ ու ճար:

Թե աշուն է պտղաբեր,
Ի՞նչ է բերում մեզ նվեր.
– Նուռ, սերկևիլ, տանձ, խնձոր,
Դեղձ ու խաղող մեղրածոր:

Թե ձմեռ է ցրտաշունչ,
Ի՞նչ է թափում լուռումունջ.
– Փաթիլ, փաթիլ փափուկ ձյուն՝
Արծաթի պես պսպղուն:

Աթաբեկ Խնկոյան


Like it? Share with your friends!

15 shares

Մեկնաբանել

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։