Եթե մինչև այսօր ելակի նկարները նայելով էինք բավարարվում, ապա այլևս նման բան չի լինի, որովհետև մեր սիրելի ելակն արդեն հասունացել է: Ու քանի կարող ենք վայելել այդ հրաշք հատապտուղը, առաջարկում եմ պատրաստել շատ հեշտ և շատ համեղ ելակով տորթ:
Ի՞նչ է անհրաժեշտ
5 ձու, 1,5 բաժակ շաքարավազ, 3 ճ.գ. յուղ, 300 գր թթվասեր, 2 ճ.գ. կակաո, 0,5 թ.գ. սոդա, 1 ճ.գ. քացախ, վանիլին, 2,5 բաժակ ալյուր, սերուցք, կաթնային շոկոլադ և իհարկե գլխավոր հերոսը` ելակ:
Ինչպե՞ս պատրաստել
Բոլոր բաղադրիչները, բացի սերուցքից, շոկոլադից և ելակից, խառնիր ու երկար հարիր` մինչև ստացվի միասեռ զանգված: Հետո այդ խմորը տեղափոխիր կլոր տապակի մեջ, 180˚-ով եփիր ջեռոցում մոտավորապես 35 րոպե: Իսկ մինչև եփվի, դու կարող ես մանրացնել ելակը:
Պատրաստ լինելուց հետո խմորը բաժանիր հավասար երկու մասի: Մի մասի վրա քսիր սերուցքը, իսկ սերուցքի վրա` մանրացված ելակը: Խմորի երկրորդ մասը դիր վրան: Հիմա շոկոլադի հերթն է, որը պետք է հալեցնել և լցնել խմորի վրա, իսկ ամենավերևում` մի քանի գեղեցիկ ելակ:
Ես գիտեմ, որ այլևս կարդալու ժամանակ չունես, որովհետև տորթը քեզ է սպասում: Այնպես որ, միայն կմաղթեմ բարի ախորժակ:
Անի Ավագյան