Խաղալիքներն ու տիկնիկները կարող են փոխել մարդկության կյանքը և նույնիսկ ավելին, նոր էջ սկսել պատմության մեջ, դառնալ ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների սիրելին: Այդպես 1950-ական թվականներին բացվեց Բարբի տիկնիկի էջը, որի մեջ ինչ զարմանալի պատմություններ ասես, որ չգրվեցին: Այսօր Բարբին ավելի քան 50 տարեկան է և մենք էլ, լավ կլինի, որ իմանաք, թե ինչպես և ում շնորհիվ լույս աշխարհ եկավ այս հանրահայտ տիկնիկը:
Բանն այն է, որ Ռութ Հենդլերի աղջիկ Բարբարան շատ էր սիրում խաղալ իր տիկնիկների հետ և տարբեր տուփերից օրորոցներ ու սեղաններ էր պատրաստում նրանց համար, մայրիկն էլ հաճույքով հետևում էր նրա «շինարարական աշխատանքներին»: Եվ Ռութը սկսեց մանկական կահույքի արտադրությունն ու շուտով հասկացավ, որ փոքրիկ օրորոցները և պահարանները ավելի լավ են վաճառվում, քան փայտե շրջանակները:
Մի քանի տարի անց Ռութը Շվեյցարիայում մի յուրօրինակ տիկնիկ տեսավ, որին կոչում էին Լիլի: Տիկնիկը շիկահեր էր և ավելի շատ ոչ թե մանկական խաղալիք էր հիշեցնում, այլ երիտասարդ ճակատագրական կնոջ: Տիկնիկն այնքան դուր եկավ Ռութին, որ նա գնեց Լիլիի հեղինակային իրավունքներն ու վարձելով լավագույն արվեստագետ-նկարիչներին և ճարտարագետներին՝ պատվիրեց տիկնիկին դարձնել էլ ավելի գեղեցիկ ու հմայիչ: Երբ տիկնիկը պատրաստ էր, Ռութը հրավիրեց թվով 100 տարբեր տարիքի մայրիկների և աղջիկների և ցուցադրեց նոր տիկնիկը՝ խնդրելով կարծիք հայտնել: Գրեթե բոլոր մայրերը ասացին, որ Բարբին շատ բնական տեսք ունի, և այսպիսի տիկնիկի հետ խաղալը կարող է լուրջ ազդեցություն թողնել երեխաների հոգեկան աշխարհի վրա: Իսկ բոլոր երեխաները միաձայն հայտարարեցին, որ իրենք հենց այսպիսի տիկնիկ են ուզում: Եվ Ռութը որոշեց լսել երեխաներին: Նա տիկնիկին կոչեց իր դստեր՝ Բարբարայի անունով՝ Բարբի ու ակսվեց իսկական Բարբիմանիան…
Տիկնիկին սկսեցին հագցնել ամենատարբեր հագուստներ, նա հսկայական զգեստապահարան ուներ: Բարբիի համար հագուստներ էին կարում աշխարհահռչակ դիզայներներ Ժիվանշին և Քրիստիան Դիորը: Զգեստապահարանին ավելանում էր նաև Բարբիի մանկական կահույքը, որն արդեն վաղուց արտադրում էր Ռութ Հենդլերը:
Ռութը որոշեց չսահմանափակվել 1 տիկնիկով: Այսօր Բարբին արդեն ունի քույրեր, եղբայրներ, ընկերուհիներ, անգամ տատիկ և պապիկ: Բարբիին հասցրել են նաև ամուսնացնել Քենի հետ: Քենին կոչել էին այդպես Ռութ Հանդլերի որդու անունով: Եվ Բարբիի բոլոր այս բարեկամների համար էլ, իհարկե, նախատեսված է առանձին զգեստապահարան, մեքենա և զարդեր:
Իրականում, սակայն, Ռութ Հենդլերի աղջիկը՝ Բարբարան, այնքան էլ ուրախ չէր այս ամենի համար, չէ՞ որ նրան անդադար համեմատում էին Բարբի տիկնիկի հետ:
Այսօր Բարբին հայտնի է ողջ աշխարհում: Ամերիկացի աղջնակը, միջին հաշվով, ունենում է յոթ Բարբի տիկնիկ: Բարբին ամենավաճառվող ապրանքանշերից մեկն է ամբողջ աշխարհում: Անգլիայում կա Բարբիի փողոց, Հավայան կղզիներում՝ Բարբիի թանգարան:
Բարբիների հավաքածուների սիրահարների թվում կան ոչ միայն փոքրիկ աղջիկներ ու կանայք, այլև տղամարդիկ: Դրոշմանիշների հավաքածուներից հետո ամենատարածված հավաքածուները Բարբիներինն են:
Իսկ քանի դեռ դու կարդում էիր այս ամենը, ևս մի քանի տասնյակ մարդ Բարբի տիկնիկ գնեցին, չէ՞ որ ամեն 8 վայրկյանը մեկ աշխարհում մի նոր Բարբի է վաճառվում…