ՇԱԽՄԱՏ ԽԱՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ.


2 shares
Տիգրան Պետրոսյան

Բոլորովին վերջերս մենք նշեցինք շախմատի միջազգային օրը, և ճիշտ ժամանակն է ավելի լավ ծանոթանալ այս շատ հետաքրքիր և «խելացի» խաղի հետ: Նախ արի պարզենք, թե ինչպես է այն լույս աշխարհ եկել: Շախմատի հայրենիքը համարվում է Հնդկաստանը: Այնտեղ շախմատի մասին առաջին անգամ հիշատակվել է դեռևս 6-րդ դարում: Ասում են, թե այս խաղը հնարել է մի հնդիկ իմաստուն իր տիրակալի համար: Հնդկաստանում այս խաղն անվանում էին «չատուրանգա», ինչը նշանակում է չորս տեսակի զենք ունեցող զորք՝ մարտակառքեր, փղեր, հեծելազոր ու հետևակ:

«Շախմատ» անվանումն առաջացել է Արևելքում և նշանակում է «թագավորը մահացավ»: Հայաստանում նույնպես շախմատ սկսել են խաղալ շատ վաղուց և այն անվանել են ճատրակ: Այն շախմատը, որը մենք խաղում ենք այսօր, ձևավորվել է 15-րդ դարում, իսկ վերջնական կանոնները հաստատվել են 19-րդ դարում: Հենց 1851 թ.-ին էլ Լոնդոնում տեղի է ունեցել շախմատի առաջին միջազգային մրցաշարը:

Շախմատ խաղում են երկուսով՝ սև ու սպիտակ վանդակների բաժանված  խաղատախտակի վրա: Յուրաքանչյուր խաղացող ունի 16 խաղաքար՝ 8 զինվոր, 2 ձի, 2 փիղ, 2 նավակ, 1 թագուհի և 1 թագավոր: Խաղաքարերը կարող են նահանջել, հարձակվել և պաշտպանել մեկը մյուսին, մի խոսքով՝ իսկական ճակատամարտ… Որևէ խաղաքարի գրոհը թագավորի վրա կոչվում է շախ, իսկ երբ թագավորն այլևս նահանջելու տեղ չունի, հայտարարվում է մատ՝ պարտություն, և խաղն ավարտվում է:

Շախմատը մեծ դեր է խաղացել նաև պատմության մեջ: Տարիներ առաջ Պարսկաստանում շախմատը համարվում էր պարտադիր նվեր հարսանիքների ժամանակ: Ժամանակներ են եղել, երբ շախմատը նույնիսկ արգելվել է եկեղեցու կողմից: Իսկ մի անգամ շախմատը կարող էր շրջադարձային դեր խաղալ: Երբ Նապոլեոն Բոնապարտն աքսորվել էր սբ. Հեղինե կղզի, մտերիմները նրա համար շախմատ ուղարկեցին: Նապոլեոնը մեծ հաճույքով շախմատ էր խաղում, սակայն նրա մտքով անգամ չէր անցնում, որ շախմատի խաղաքարերի մեջ իր բարեկամները փախուստի ծրագիր էին դրել: Այն սպան, որը գիտեր գաղտնիքոը, սպանվել էր ճանապարհին, իսկ շախմատը տեղ հասցրած մարդիկ տեղյակ չէին գաղտնի ծրագրերի մասին: Այս ամենը բացահայտեց 1933 թվականին, երբ կազմակերպվեց Նապոլեոնի իրերի ցուցահանդես:

Շախմատը մեր՝ հայերիս ամենասիրելի սպորտաձևերից մեկն է, չէ՞ որ մենք շատ ենք սիրում մտածել: Ողջ աշխարհը ճանաչում է մեր շախմատիստներին, նրանք բազմիցս հաղթել են միջազգային մրցաշարերում և օլիմպիադաներում: Շախմատիստ Տիգրան Պետրոսյանը, օրինակ, աշխարհի կրկնակի չեմպիոն է: Հայաստանի շախմատի ազգային հավաքականը նույնպես նվաճել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոնի կոչումը: Չեմպիոնական պատիվը բարձր է պահում նաև Լևոն Արոնյանը, ով այժմ իր վարկանիշով համարվում է աշխարհի 2-րդ ուժեղագույն շախմատիստը: Մեր բոլոր տաղանդավոր շախմատիստներին մաղթում ենք նորանոր հաղթանակներ ու նվաճված մեդալներ, իսկ եթե դու էլ մտադրություն ունես նրանց շարքերը համալրելու, ապա լավ կանես հենց հիմա էլ մարզվես:


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։