Եվ իսկապես, ո՞վ է կամ ի՞նչ է այս զարմանալի արարածը, որին այսօր սիրում են միլիոնավոր երեխաներ: Նա ոչ ավել ոչ պակաս, սովորական դեղին սպունգ է, որի վրա կա 40 անցք: Բայց այս սովորական սպունգը մի հանրահայտ մուլտֆիլմի գլխավոր հերոս է, և հենց այդ մուլտֆիլմի շնորհիվ էլ նա հռչակված է ամբողջ աշխարհում:
Սպունգ Բոբի մասին մուլտֆիլմը առաջին անգամ հայտնվեց էկրաններին 1999 թվականի մայիսի 1-ին և անմիջապես գտավ իր երկրպագուներին: Մեծ կապույտ աչքերով Բոբը չափազանց լավատես մի սպունգ է: Ապրում է անդրծովյան մի քաղաքիկում, որ կոչվում է Բիկինի Բոթթոմ, Խեցու փողոցի 124-րդ տանը: Հենց այս քաղաքում էլ տեղի են ունենում մուլտֆիլմի գործողությունները:
Այստեղ ապրում են տարբեր ծովային արարածներ՝ ութոտնուկ Սկինվարդը, Սենդի սկյուռիկը, Պատրիկ ծողաստղը և այլն: Ինքը Սպունգ Բոբը աշխատում է որպես խոհարար պարոն Խեցգետնի ճաշարանում և երազում է պաշտոնի բարձրացման մասին:
Սպունգ Բոբի վարորդական իրավունքի մեջ գրված է, որ նա ծնվել է 1986թ. հուլիսի 14-ին: Բոբը ցանկության դեպքում կարող է փոխել իր ձեռքերի երկարությունը: Կրում է սպիտակ վերնաշապիկ, կարմիր փողկապ, շագանակագույն անդրավարտիք և մաքրությունից փայլող կոշիկներ: Իհարկե, երբեմն Սպունգ Բոբին կարելի է տեսնել միայն ներքնազգեստով:
Սպունգ Բոբին ստեղծել է ամերիկացի մուլտիպլիկատոր Սթիվեն Հիլլենբուրգը: Դեռ մանկուց Սթիվենը հետաքրքրվում էր ծովային կյանքով, իսկ 15 տարեկանից սկսեց լրջորեն զբաղվել «օվկիանոսագիտությամբ»: Ի դեպ, ինչպես և իր հերոս Սպունգ Բոբը, Սթիվենն էլ որոշ ժամանակ աշխատել է ծովային ուտեստների ռեստորանում որպես խոհարար:
Ծովից բացի նրան մի բան էլ էր շատ գրավում՝ արվեստը: Սկզբում դա Սթիվենի համար միայն հոբբի էր, նա լրջորեն զբաղվում էր գիտությամբ, բայց արվեստների դպրոց ընդունվելով՝ հասկացավ, որ իր կոչումը մուլտիպլիկացիան է: Շուտով նա աշխատանքի ընդունվեց Nickelodeon մուլտստուդիան և սկսեց աշխատել մուլտֆիլմերի պատրաստման վրա՝ երազելով օվկիանոսի բնակիչների մասին իր սեփական մուլտը ստեղծելու մասին:
Գլխավոր հերոս նա ընտրեց Սպունգին, ապա հորինեց նաև մյուս մուլտհերոսներին: Շուտով Սթիվենը մի ամբողջ քաղաք ստեղծեց ջրի հատակին: Մնում էր միայն Nickelodeon ընկերության համաձայնությունը ստանալ: Երբ նա ցույց տվեց Սպունգ Բոբի էսքիզը ղեկավարությանը, նրանք անմիջապես համաձայնեցին: Սպունգ Բոբին նրանք, իհարկե, հավանեցին, սակայն չէին սպասում նման մեծ հաջողության: Ի դեպ, գլխավոր հերոսին նախապես կոչում էին Սպունգ տղա, բայց Սթիվենը շուտով ընտրեց Սպունգ Բոբ տարբերակը: Այս մուլտֆիլմը մի քանի տարի անց ճանաչվեց բոլոր ժամանակների ամենալավ մուլտսերիալներից մեկը, նվաճեց բազմաթիվ մրցանակներ և մինչև օրս շարունակում է շրջել աշխարհով և գտնել նոր երկրպագուների:
Ես, իհարկե, սիրով պատմեցի քեզ Սպունգ Բոբի մասին, բայց պետք է ասեմ նաև, որ շատ գիտնականներ այնքան էլ չեն խրախուսում այս մուլտֆիլմը, հատկապես մինչև 6 տարեկան երեխաների համար: Այնպես որ հիշիր, մուլտֆիլմերը հրաշալի բաներ են, բայց և այնպես նրանց (այդ թվում և Սպունգ բոբի մուլտերը) չի կարելի դիտել առանց դադարի և ժամեր շարունակ: Պայմանավորվեցինք, չէ՞…