ՄՈՒԼՏՖԻԼՄԻ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ – ՄԵՏՐՈ ԳՈԼԴՈՒԻՆ ՄԱՅԵՐ


Մետրո Գոլդուին Մայեր

Մինչև Թոմի և Ջերիի հետ ծանոթանալը եկ ծանոթանանք այն մարդկանց հետ, ովքեր ստեղծել են այս զվարճալի կերպարները: Նրանք շունչ են տվել այս կատվին ու մկանը, նրանց բնավորություն հաղորդել ու դրել շարժման մեջ, իսկ այդ գործը բոլորովին էլ հեշտ չի եղել, եթե հաշվի առնենք, որ Թոմն ու Ջերին ստեղծվել են ավելի քան 70 տարի առաջ:

Եվ այսպես, մուլտֆիլմը ստեղծել է Մետրո Գոլդուին Մայեր ընկերությունը կամ MGM-ը, ինչպես շատ հաճախ անվանում էին այն: Մետրո Գոլդուին Մայերը հիմնադրվել է 1924 թվականին՝ իր մեջ միավորելով 3 ընկերությունների: Ուզո՞ւմ ես աասել, թե որոնք էին այդ երեք ընկերությունները: Այդ դեպքում ևս մեկ անգամ ընթերցենք ընկերության անվանումը՝ Մետրո Գոլդուին Մայեր: Այս ընկերությունը զբաղվում էր ոչ միայն մուլտֆիլմեր ստեղծելով, այլև ֆիլմեր էր նկարահանում և, պետք է ասել, որ դրանք շատ բարձրորակ ֆիլմեր էին: Երկար ժամանակ դրանք համարվում էին Հոլիվուդի լավագույն ֆիլմերը:

Մետրո Գոլդուին Մայեր

MGM-ի մուլտիպլիկացիոն բաժնում աշխատել են բազմաթիվ տաղանդավոր մուլտիպլիկատորներ, որոնք հարյուրավոր և հազարավոր հրաշալի մուլտեր են ստեղծել: Այս ստուդիայից են «դուրս եկել» Բաքս Բաննին, Դրուփփի շնիկը, Ուրախ մեղեդիներ մուլտերի շարքի հերոսները և, իհարկե, Թոմն ու Ջերին:

Եվ այս բոլոր ֆիլմերն ու մուլտֆիլմերն էլ սկսվում են մեկ լոգոտիպի ցուցադրությամբ: Մռնչացող առյուծն ազդարարում է. «Ուշադրություն, սկսվում է», բոլորս ուրախ-ուրախ տեղավորվում ենք բազկաթոռներին ու սպասում ցուցադրությանը: Իրականում, տարբեր տարիների մեզ համար տարբեր առյուծներ են մռնչացել, սակայն մենք դա չենք էլ նկատել: Պատմությունը անգամ նրանց անուններն է պահպանել: Առաջին առյուծը, որ Գոլդուին ընկերության շնորհիվ հայտնվեց էկրաններին, անձայն էր մռնչում, չէ՞ որ 20-րդ դարի սկզբին կինոն դեռ համր էր, և որքան էլ բարձր մռնչար առյուծը, միևնույն է, լսելի չէր լինի: Հենց այդ պատճառով էլ այս առյուծին անվանեցին Լռակյաց առյուծ:

Մետրո Գոլդուին Մայեր

Հետո, երբ երեք ընկերությունները միավորվեցին և ձևավորվեց Մետրո Գոլդուին Մայերը, առյուծին ժամանակավորապես փոխարինեցին Արձան առյուծով:  Մեկ տարի անց առյուծի նոր «դերակատար» նշանակվեց Սլետս անունով առյուծը, որ ծնվել էր Իռլանդիայի կենդանաբանական այգում և երկար ու հետաքրքիր կյանք ապրել: Մինչև այսօր էլ նրա մորթին պահպանվում է թանգարանում:

1928 թվականին Սլետսին փոխարինեց Ջեկին, որի ձայնը վերջապես լսելի դարձավ: 1934 թվականին էկրաններ բարձրացավ Տաններ անունով առյուծը, որ դարձավ նաև գունավոր կինոյի խորհրդանշանը (մինչև այդ կինոն սև ու սպիտակ էր): Նրա մռնչոցով են սկսվում աշխարհահռչակ շատ ֆիլմեր ու մուլտեր, դրա համար էլ նա համարվում է Մետրո Գոլդուին Մայեր ընկերության ամենագլխավոր առյուծը: Տաններին շատ հաճախ կոչում էին Բարկացած առյուծ: Եվ վերջապես 1957 թվականին հանդիսատեսը ծանոթացավ Լեո առյուծի հետ: Այս առյուծով լոգոտիպը մենք կարող ենք տեսնել մինչև այսօր:

Մետրո Գոլդուին Մայեր ընկերությունը շարունակում է ստեղծել ֆիլմեր և մուլտֆիլմեր: Թեև դրանք դեռ չեն կարողանում գերազանցել արդեն դասական դարձած մուլտերին և ֆիլմերին, սակայն թե մուլտիպլիկատորները, թե հանդիսատեսը հույսը չեն կորցնում, չէ՞ որ մուլտֆիլմ ստեղծելն աշխարհի ամենահետաքրքիր և միևնույն ժամանակ ամենաբարդ աշխատանքներից մեկն է:

 Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։