Քեզ մոտ էլ է Նոր տարին կապվում համե՜ղ, շա՜տ համեղ կերակուրների հետ, չէ՞: Ուրեմն մեր ամանորյա սեղանն էլ պետք է անկրկնելի տեսք ունենա: Իհարկե, ամենաբարդ և ամենահամե՜ղ կերակուրները կթողնենք մայրիկին… Իսկ մենք հյուրերին կզարմացնենք արագ և հեշտ պատրաստվող ուտեստներով:
Եվ այսպես սկսենք մեր սիրելի բուտերբրոդներից:
Ի՞նչ է անհրաժեշտ տոնական բուտերբրոդի համար՝
Հաց
Վարունգ
Պանիր
Կարմիր պղպեղ և մայոնեզ:
Ինչպե՞ս պատրաստել՝
Հացից կստանանք երկու եռանկյունիներ՝ տոնածառի և Ձմեռ պապիկի համար և մի փոքրիկ հատված էլ տոնածառի ներքևի հատվածի համար: Առաջին տոնածառ բուտերբրոդը կզարդարենք վարունգի շերտերով և աստղիկ-պանիրներով: Իսկ ահա երկրորդը՝ կարմիր պղպեղով և մայոնեզով: Ձմեռ պապիկի աչուկներն էլ կարող ենք ստանալ ձիթապտղի հատիկներից:
Տոնական սեղանի հաջորդ գլուխգործոցը Ելակներով Ձմեռ պապիկներն են:
Մեզ անհրաժեշտ են ընդամենը մի քանի հատ ելակ, սերուցք և մուգ գույնի չամիչ: Ելակները գլխիվայր կդնենք մատուցվող ափսեի մեջ: Վերևի մի փոքրիկ հատված կկտրենք (դրանք կլինեն գլխարկները) և կդնենք մի կողմ: Ելակների վրա սերուցք կլցնենք և գլխարկները կդնենք վրան: Սերուցքով կպատրաստենք նաև գլխարկների ծայրերը, իսկ ահա չամիչներով՝ փոքրի՜կ աչուկները:
Դե իսկ երրորդ առաջարկվող տարբերակն ամենահեշտն է՝ Եղջերու թխվածքաբլիթներից:
Պետք են թխվածքաբլիթ, խնձոր և չամիչ: Ամեն ինչ շատ պարզ է: Թխվածքաբլիթից կստանանք եղջերու, չամիչներից՝ աչքեր, իսկ խնձորից՝ կոտոշներ:
Դե դու փորձիր պատրաստել այսքանը, մինչև տոնական տրամադրությամբ հաջորդ անգամ հանդիպենք…
Անի Ավագյան