ԲԱՐԻ՜ ԴԵԼՖԻՆՆԵՐ


14 shares

Հաստատ չի գտնվի մեկը, ով ծանոթ չլինի և կամ չսիրի դելֆիններին: Բայց արդյո՞ք մենք ճանաչում ենք նրանց, այդ բարի՜ կենդանիներին: Այո՛, գիտեմ, զարմանալի է, բայց նրանք ձկներ չեն, այլ ջրային կաթնասուններ: Չնայած ջրում ապրելուն՝ դելֆինները օդ են շնչում և օժտված են երկար ժամանակ շունչը պահելու հրաշալի ունակությամբ:Դելֆիններ

Հայտնի է հարթ մաշկով ու միշտ ժպտացող այս կաթնասունների 40 տեսակ: Բացի հարթ մաշկից դելֆիններն արտաքին այլ առանձնահատկություններ էլ ունեն. նրանց մարմնի երկարությունը հասնում է մինչև անգամ 10 մետրի, իսկ առավել հաճախ հանդիպում են 1–3 մետր երկարությամբ դելֆիններ: Նրանք ունեն կտցանման երկար դունչ և, պատկերացնու՞մ ես, 70-ից ավելի ատամ: Իսկ նրանց գունավորումը տարբեր է, սակայն ավելի տարածված են կապտամոխրագույն դելֆինները:

Ճիշտ է, նրանք ձուկ չեն համարվում, բայց նրանց խմբերին նույնպես անվանում են վտառներ: Եվ, սովորաբար, դելֆիններն ապրում են վտառներով, որտեղ բոլորը հարազատներ են: Հենց այդ պատճառով էլ երևի նրանք օժտված են միմյանց օգնելու գեղեցիկ ունակությամբ: Նրանք երբեք իրար հանդեպ չեն թշնամանում:

Իմիջայլոց, դելֆինները հրաշալի լողորդներ են, լողում են ժամում մինչև 50 կմ արագությամբ: Նրանք լողում են շրջանաձև և մի աչքով միշտ հետևում են, որ հանկարծ թշնամիներ չհայտնվեն տեսադաշտում: Որոշ ժամանակ անց սկսում են լողալ հակառակ ուղղությամբ և հետևել մյուս աչքով, որ նախորդը գոնե մի քիչ հանգստանա՝ փակ մնալով: Մտածում են նույնիսկ աչուկների մասին:

Դելֆիններ30-50 տարի ապրող այս կենդանիներն օժտված են նաև սուր լսողութամբ: Իրենց լսողության շնորհիվ շատ լավ կողմնորոշվում են ջրում, նույնիսկ մթության մեջ: Դելֆինների քթանցքում տեղավորված է ձայնաազդանշանային մի օրգան, և ուղեղի մեծ չափերի շնորհիվ դելֆինները կարողանում են վերամշակել բազմաթիվ ձայնային տեղեկություններ ու հեռու մնալ վտանգից:

Դելֆինները սնվում են ձկներով և գլխոտանի փափկամարմիներով: Օրական կարող են ուտել մինչև իսկ 30 կգ կենդանի ձուկ: Նրանք ունենում են ընդամենը 1 ձագուկ, որին 4–6 ամիս կերակրում են կաթով:

Իսկ հետաքրքիր է՝ դելֆիններն ինչպե՞ս են միմյանց հետ հաղորդակցվում: Գիտե՞ս՝ նրանք իսկական չաչանակներ են: Խոսում են սուլոցի և չպպոցի «լեզվով», շփվում են նաև ժեստերով: Օրինակ՝ շարժում են պոչիկը, թեքում մարմինը: Բայց ժեստերի լեզուն նրանց գաղտնի լեզուն է, որը ոչ ոք չի կարող հասկանալ: Այդպես նրանք խոսում են, երբ հրատապ ինչ-որ բան է պետք հաղորդել իրար:

Իսկ սովորաբար շփվում են սուլոցների լեզվով: Ամեն սուլոց մի նախադասության նշանակություն կարող է ունենալ: Մի սուլոցով նրանք կարող են բացատրել, որ ցավ ունեն և կամ ուրախ են: Իսկ ահա երբ բարկանում են, սկսում են հաչոցներ արձակել, այո՛, իսկական շունիկների պես: Եվ երբեմն նաև կարողանում են նմանակել մարդկային խոսքը: Գիտնականները դելֆինների լեզուն նույնիսկ համեմատում են մարդկայինի հետ:

Իմիջայլոց, դելֆիններն անընդհատ գիտնականների ուշադրության կենտրոնում են: Նրանք երկար ժամանակ փորձում էին հասկանալ, թե ինչպես են քնում դելֆինները, չէ՞ որ ջրի տակ նրանք կարող են խեղդվել (դելֆիններն ամեն 3-5 րոպեն մեկ դուրս են գալիս ջրից ու շնչում): Եվ շատ երկար փորձաքննությունների արդյունքում պարզ դարձավ, որ դելֆինների մարմնի մի կեսը քնում է, մյուսը ուշադիր և արթուն հետևում վտանգներին: Հետո մարմնի մյուս կեսն է քնում, մյուսը մնում արթուն:

Այսպես գիտնականները նույնիսկ եկան այն եզրակացության, որ դելֆիները խելացի են բոլոր կենդանիներից և անգամ մարդկանցից:

ԴելֆիններՄԻ ՓՈՔՐ ԷԼ ԴԵԼՖԻՆՆԵՐԻ ԲԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Երբ դելֆիններից մեկն օգնություն է կանչում, ընկերները լողալով մոտենում են, բռնում նրան երկու կողմից և պահում ջրի վրա, որպեսզի նա կարողանա շնչել: Նույն կերպ նրանք օգնում են նաև խեղդվող մարդուն:

Հույն պատմիչները վկայում են նաև, որ դելֆիններն այն ժամանակ ձկնորսներին օգնում էին ձկները քշել ուռկանների մեջ: Եվ դա այն դեպքում, երբ իրենք էլ են սնվում ձկնիկներով: Բայց մարդիկ գնահատում էին նրանց արարքն ու պարգևատրում գինու մեջ թրջած հացի կտորներով:

Ըստ հունական մի լեգենդի էլ՝ մի դելֆին ամեն օր ծովածոցով մի տղայի տանում էր դպրոց ու հետ բերում: Բայց մի օր տղան հիվանդացել է ու նրան տարել են հիվանդանոց: Եվ իր փոքրիկ բարեկամին երկար սպասելով` դելֆինը կարոտից սատկել է:

Kid-Dolphin-Kiss-1280x800Երևի հենց իրենց բարության շնորհիվ դելֆինները նաև հանգստացնող բնավորություն ունեն և շատ մեծ հաջողությամբ օգտագործվում են բժշկության մեջ: Մարդիկ նրանց տեսնելով, շփվելով ու ձեռք տալով՝ աննկարագրելի հանգստություն ու թեթևություն են զգում:

Դելֆինների բարության մասին պատմող առասպելներն ու պատմությունները շատ են: Եվ մեզնից յուրաքանչյուրը պետք է ինքնուրույն համոզվի դրանում՝ «խոսելով» այս կենդանիների հետ: Հենց դրա համար էլ ստեղծվել են դելֆինարիումները, որտեղ գնալով՝ մարդիկ շփվում են նրանց հետ: Բայց դելֆինարիումները պետք է մե՜ծ, շա՜տ մեծ լինեն, որովհետև խելացի դելֆինները սովոր են ապրել ազատության մեջ:

Փաստորեն, մենք կարող ենք լիքը բան սովորել  նաև դելֆիններից, նրանց նայելով՝ դառնալ ավելի խելացի, ժպտացող և բարի…

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

14 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։