ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՇՆԱՆ ՄԱՍԻՆ


7 shares

ԱՇՆԱՆԱՅԻՆ ԵՐԳ

-Աշու՜ն, աշու՜ն, աշ՜ուն,
Ջերմ գույներով, նախշուն,
Ո՞վ է այդպես շռայլ
Քեզ գույնզգույն նախշում:
Ո՞վ է երանգ ու փայլ
Քեզ նվիրում, բախշում:
Ժպտաց աշունը մեղմ՝
Մանկան նման անմեղ,-
-Ինձ ներկել է, Արփիկ,
Մեր մայր Արև-Արփին:
Նայեց Արփիկը վերև,
Ասաց,- Ողջու՜յն, Արև,
Դու՞ ես երանգ-երանգ
Ներկում ծառ ու տերև:
Ժպտաց Արևը մեղմ՝
Մանկան նման անմեղ…
Աշուն է, ջինջ աշուն,
Արփին ձորն է նախշում,
Հավքը չվում է հետ,
Օրը դար է մաշում:
Աշու՜ն է, ջերմ աշուն,
Ձորը գորգ է նախշուն:

Հենրիկ Բաբաջանյան

ԱՇՈՒՆ

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել
Հնար չունի որոտալու,
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Համո Սահյան

Copia di autunno 2010 (1)

ԱՇՆԱՆ ՏՐՏՄՈՒԹՅՈՒՆ

Կրկին իմ հոգում
Ւջավ մշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,
Համբույրը խոնավ.
Կրկին պաղ միգում
Ամպոտ երկինքը մեռած լույսերի
Թաղումն է սգում։
Հողմը սրարշավ
Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի
Թերթերը տարավ…
Անջատման ցավոտ
Ձայներ դողացին ու հեզ դալկացան
Հեռվում անծանոթ.
Կըրակներն անձայն
Լացող ամպերի միգում անսահման
Թոշնեցի՜ն, անցա՜ն.
Անձրևն անընդհատ
Մաղում է վհատ թաղումի կոծով,—
Տխուր, հուսահատ…
Իմ հոգու մեջ է՛ լ
Աշուն է իջել անամոք լացով,
Ւմ հոգու մեջ է՛լ…

Վահան Տերյան

illustration_cartoon_girl_B10-PSD-040

ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև՜…
Սիրտըս տանջում է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասի՛ր, լսի՛ր. ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայի՛ր, ա՜խ, նայի՜ր՝ ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…

Անձրև է, աշուն… Ինչու՞ ես հիշում,
Հեռացա՛ծ ընկեր, մոռացա՛ծ ընկեր,
Ինչու՞ ես հիշում.
Դու այնտեղ էիր՝ այն աղմկահար
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նք ես տեսել, դու կյա՛նք ես հիիշում-
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լու՜յս…
Իմ հոգու համար չըկա արշալույս.
Անձրև՜ է, աշու՜ն…

Վահան Տերյան

ՈՒՇ ԱՇՆԱՆ ԵՐԳԸ

Չվող թռչուններն անցան գնացին
Պարան առ պարան,
Շարան առ շարան անցան գնացին:
Ականջների մեջ
Վերջին որոտի կանչերը տարան
Ու վերջին կանաչ-կարմիրը տարան
Իրենց թևերին:
Աչքերում իրենց թափուր մնացած
Բույն-օջախների պատկերը տխուր
Եվ կտուցներին` իրենց թափառիկ,
Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:
Չվող թոչուններն անցան գնացին
Շարան առ շարան…
Մնացողները կծիկեն դառնում
Թրջվելու վախից
Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:
Ծառերը մրսած մատների վրա
Իրենց քրքրված ստվեր-կմախքի
Կողերն են հաշվում:
Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
Շուրթերի վրա
Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,
Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:
Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում:

Համո Սահյան


Like it? Share with your friends!

7 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։