ՈՐՏԵՂԻՑ ԵՆ ԳԱԼԻՍ ՓՈՒՉԻԿՆԵՐԸ


Որտեղից են գալիս փուչիկները

Գիտե՞ս, որ փուչիկները, ամենասովորական փուչիկները ունեցել են պապիկներ, պապիկների պապիկներ ու այդպես շարունակ: Եվ այդ պապիկներն էլ էլի փուչիկներ են եղել: Դե մի քիչ այլ տեսք են ունեցել: Ամենածեր փուչիկներն, օրինակ, պատրաստված են եղել կետերի և ցլերի կաշիներից: Եվ ամեն ընտանիք իր պարտքն էր համարում մի փուչիկ ունենալ 🙂

Բայց այդ փուչիկներն էլ, ինչպես բոլորը, մի օր պայթում էին, իսկ պայթյունն էլ շատ ավելի ուժեղ էր լինում, քան այսօրվա փուչիկների պայթյունը: Այս փուչիկներից այդպես էլ գլուխ չհանեցին: Բավական ժամանակ անցավ, մինչև մի խելոք մարդ՝ անգլիացի հայտնի պրոֆեսոր Մայքլ ֆարադեյը հայտագործեց ռեզինե փուչիկները: Նա ուսումնասիրում էր կաուչուկ կոչվող նյութը և իր փորձերի համար կաուչուկի երկու փոքրիկ շերտ առանձնացրեց, ներսի կողմից ալյուր քսեց, որպեսզի իրար չկպչեն և  ծայրերն ամրացրեց: Ստացվեց պարկի նման մի բան, որի մեջ Ֆարադեյը սկսեց ջրածին լցնել*:

Սկզբում այս փուչիկներն օգտագործում էին գիտական փորձերի համար, իսկ համարյա 80 տարի անց փուչիկը դարձավ ամենաուրախ զվարճալիքներից մեկը: Այն ժամանակ դեռ ինքնաթիռներ չկային և ոչ էլ մարդը երբևէ կարողացել էր օդ բարձրանալ: Եվ փուչիկը նրանց իսկական հրաշք էր թվում: Այս փուչիկներն էլ կարող էին պայթել (ջրածինը պայթյունավտանգ նյութ է):

Նրանք չէին պայթում, չէին պայթում և մի օր էլ գը-գը՜մփ: Պայթեցին և դեռ մարդկանց էլ վնասեցին: Ոստիկաննեը սկսեցին արգելել փուչիկները, բայց գիտնականները շատ լավ լուծում գտան: Ջրածնի փոխարեն փուչիկների մեջ հելիւմ կոչվող գազը լցրեցին, որը շատ հեշտությամբ փուչիկին օդ էր թռցնում:

Իսկ մի փոքր ավելի ուշ մարդիկ կարողացան փուչիկների ձևն էլ փոխել: Սկսեցին պատրաստել երկար, սրտիկաձև կամ էլ տարբեր կենդանիների տեսքով փուչիկներ: Եվ այսօր փուչիկները հայտնվում են ամենաուրախ վայրերում, ծննդյան տոների, Ամանորի, հանդեսներին ու միջոցառումների ժամանակ և դրանք ավելի ուրախ դարձնում…

Անահիտ Ալեքսանյան

*Ջրածինը գազ է: Ջրածնից և թթվածնից է կազմված ջուրը:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։