Կար-չկար, անտառում մի փոքրիկ աղջիկ էր ապրում՝ Անի անունով։ Նա իր տատիկի ու պապիկի հետ բնակվում էր անտառի եզրին գտնվող փոքրիկ տնակում։ Անին շատ էր սիրում անտառը․ հաճախ էր գնում այնտեղ զբոսնելու, ծաղիկներ հավաքելու և անտառային մրգեր քաղելու։
Մի օր նա երկար շրջեց անտառում, հավաքեց գեղեցիկ ծաղիկներ ու հասած մրգեր, բայց շուտով շատ հոգնեց։ Աղջիկը պառկեց փափուկ խոտերի վրա, նայեց կապույտ երկնքին և աննկատ քնեց։ Քնի մեջ նա մի երկար ու տարօրինակ երազ տեսավ։
Երազում Անին քայլում էր անտառի նեղ արահետով, երբ հանդիպեց մի աղքատ ծերունու։ Ծերունին օգնություն էր խնդրում, սակայն Անին փող չուներ։ Նա խղճաց ծերունուն և նրան նվիրեց իր հավաքած բոլոր մրգերը։ Դրանից հետո շարունակեց ճանապարհը և քիչ անց հանդիպեց մի աղջկա, որը նստած լաց էր լինում։ Պարզվեց, որ նա մայրիկի համար գեղեցիկ ծաղկեփունջ էր հավաքել, բայց ինչ-որ մեկը վերցրել էր այն։ Անին առանց երկար մտածելու նրան տվեց իր հավաքած ծաղիկները, որպեսզի աղջիկը դատարկաձեռն տուն չվերադառնա։Այդպես նա վերադարձավ տուն։ Սակայն տատիկը, տեսնելով, որ Անին ոչ մի բան չի բերել, բարկացավ։ Տատիկը կարծում էր, թե իրենց ընտանիքն ինքն էլ օգնության կարիք ունի, և Անին չպետք է ուրիշներին տար այն ամենը, ինչ հավաքել էր։ Բարկացած նա աղջկան նորից ուղարկեց անտառ, թեև արդեն մթնում էր։Անին քայլում էր մութ անտառում և հանկարծ հեռվում մի փոքրիկ տնակ նկատեց։ Մոտենալով՝ նա տեսավ նույն ծերունուն և այն աղջկան, որոնց հանդիպել էր կեսօրին։ Ծերունին փայտ էր կոտրում, իսկ աղջիկը նստած էր վառարանի մոտ ու տաքանում էր։ Այդ պահին Անին արթնացավ ու երկար ժամանակ չէր կարողանում հասկանալ՝ իրականությո՞ւն էր տեսել, թե՞ պարզապես երազ։
Սակայն տուն վերադառնալու ճանապարհին ամեն ինչ սկսեց կրկնվել ճիշտ այնպես, ինչպես երազում էր եղել։ Նա կրկին հանդիպեց նույն ծերունուն և նրան տվեց իր հավաքած մրգերը։ Հետո հանդիպեց լացող աղջկան և նրան նվիրեց իր ծաղիկները։ Տուն հասնելուն պես տատիկը կրկին բարկացավ և նրան նորից ուղարկեց անտառ։Անտառում բոլորովին մութ էր և վախեցած աղջիկը հիշեց անտառի այն տնակը, որը տեսել էր երազում, և շտապեց այնտեղ։ Տնակի բնակիչները սիրով ընդունեցին նրան և թույլ տվեցին մնալ իրենց մոտ մինչև առավոտ։Հաջորդ առավոտ աղջկա մայրիկը Անիին տարավ անտառի խորքը։ Երբ նրանք հասան բացատ, Անիի առջև մի մեծ ու գեղեցիկ դղյակ հայտնվեց։ Եվ կինը պատմեց Անիին ճշմարտությունը։ Պարզվեց, որ նրանք փորձել էին Անիի բարությունը։ Թեև նա քիչ բան ուներ, բայց չէր խնայել ունեցածը և օգնել էր անծանոթ մարդկանց։ Այդ բարության համար նրանք որոշել էին վարձատրել Անիին և նրա ընտանիքին՝ նվիրելով այդ գեղեցիկ դղյակը։Այդ օրվանից Անին, նրա տատիկն ու պապիկը, ինչպես նաև իրենց նոր բարեկամները, ապրեցին խաղաղ ու երջանիկ կյանքով։