ՓԱԹԻԼՆԵՐՆ ԵՆ ԲԵՐԵԼ ԵՐԿՆՔԻՑ


1 share
փաթիլներն էին բերել

Փոքրիկ Շուշանը մտածկոտ նայում էր թափվող փաթիլներին… Նա, առանց աչքերը փաթիլներից կտերելու սեղանից վերցրեց ջութակը և աղեղը հպեց լարերին: Բաց օդանցքից դուրս հոսեց մի քնքուշ մեղեդի և գրկեց պտտվող փաթիլներին: Շուշանը ժպտաց… Փաթիլները լսում էին նրան… Փաթիլներն ուրախ էին, որ Շուշանը մտածեց իրենց մասին:

Ճերմակ ու քնքուշ փաթիլները պտտվում էին նազանքով, մոտենում իրար, հեռանում, նորից պտտվում, խառնվում ու մեկ էլ ցրվում՝ թեթև ու սահուն…

Դա երկնային պար էր՝ փաթիլների պար… Ոչ ոք մինչև այդ չգիտեր այդ պարի երաժշտությունը… Միայն փոքրիկ Շուշանը զգաց այն. հոգու մեջ երաժշտություն ծնվեց, և նա նվագեց փաթիլների պարը: Փաթիլներն իրենց ճերմակ ու նուրբ ժպիտներով դուրս էին կանչում աղջկան:

Շուշանը դուրս եկավ պատշգամբ՝ շարունակելով ոգևորված նվագել: Փաթիլներն արագ շրջապատեցին նրան. մի քանիսը համբուրեցին Շուշանին՝ դառնալով համբույրի թաց հետք, մի քանիսն էլ կախվեցին նրա թարթիչներից՝ կարծես ցանկանալով իրենց քնքուշ փայլը նրա աչքերին նվիրել: Վերջապես փաթիլները հոգնեցին և ճոճվելով իջան գետնին. Շուշանն էլ իջեցրեց հոգնած ձեռքը և նայեց ձյունածածկ տանիքներին:

Հանկարծ ծափահարություններ լսվեցին… Շուշանը սթափվեց և նայեց ժպտացող անցորդներին…
-Ի՞նչ էիր նվագում, փոքրի՛կ,- լսեց Շուշանը վերևից:
-Ես նվագում էի փաթիլների պարը,- շիկնելով պատասխանեց նա:
-Իսկ ով է հեղինակը,- կրկին հարցրեց երաժիշտ հարևանը:
Շուշանը շփոթվեց, մի պահ մտածեց և ասաց.
-Չգիտեմ, փաթիլներն էին բերել երկնքից…


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։