ԼԵԳԵՆԴՆԵՐ ԹԻԹԵՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ


թիթեռների մասին

Թիթեռնիկները աշխարհի ամենագեղեցիկ արարածներից են: Նրանցով բոլորն են հիանում և նրանց մասին զարմանալի լեգենդներ են պատմում: Եվ հենց թիթեռնիկների կարճատև կյանքն էլ ասես փոքրիկ լեգենդ լինի: Թիթեռնիկներ կան գրեթե ամենուր, բոլոր մայրցամաքներում, միակ վայրը, որտեղ թիթեռնիկներ չեն հայտնաբերվել, Անտարկտիդան է: Նրանք անգամ ջրի տակ են կարողանում ապրել:

Թիթեռնիկները ծնվում են ընդամենը մի քանի օր ապրելու համար, բայց կյանք են տալիս նոր թիթեռնիկների: Միայն մի թիթեռնիկ՝ Միապետը, ապրում է մինչև վեց ամիս: Իսկ նրանցից ամենամեծի՝ Attacus altas անունով թիթեռնիկի թևերի բացվածքը ավելին է, քան 30 սմ-ը, և հաճախ նրան շփոթում են թռչունի հետ: Մի ուրիշ «ամենա» էլ բրազիլական թիթեռնիկ Կալլիգոն է: Նա ամենահնարամիտն է ու պաշտպանվում է իրեն հետապնդող թռչուններից՝ շրջվելով ու բաց անելով իր թևերը: Թռչունները սարսափած շտապում են փախչել, որովհետև Կալլիգոյի թևերի բացվածքի վրա տեսնում են իրենց ոխերիմ թշնամու՝ բուի պատկերը՝ մեծ աչքերով ու սուր կտուցով: Իսկ գիտե՞ք, որ թիթեռնիկները նաև զարմանալի արագություն կարող են զարգացնել՝ 60 կմ/ժ: Նրանք նաև մեծ ախորժակ ունեն, կարող են իրենց քաշից երկու անգամ ավելի շաքարաջուր խմել:

թիթեռների մասին

Թիթեռնիկներով զարմանալ մենք անվերջ կարող ենք, այնպես, ինչպես մեր նախնիները: Նրանք զանազան առասպելներ են կապել թիթեռնիկների հետ ու հեքիաթներ հորինել թիթեռների մասին: Այդպիսի առասպելական ծագում ունեն անգամ նրանց անվանումները տարբեր լեզուներով: Օրինակ՝ ռուսերեն «бабочка» բառը առաջացել է «баба» բառից, որովհետև հին սլավոնական ժողովուրդները վստահ էին, որ կախարդուհիները մահվանից հետո վերափոխվում են թիթեռնիկների, և թիթեռնիկներին էլ կոչել են նրանց անվան փաղաքշական տարբերակով:

Անգլերենում էլ թիթեռնիկներին «butterfly» են անվանում՝ ճանճ- «fly» և կարագ- «butter» բառերից: Միջնադարում հավատում էին, որ թիթեռնիկերը սիրում են թռչել կարագ պատրաստող խնոցիների շուրջ, որպեսզի գիշերը կարագ գողանան: Մեկ ավելի հավաստի տարբերակ էլ այն է, որ թիթեռնիկների անվանումն անգլերենում ի սկզբանե եղել է «flutter-by» (նշանակում է ՝ թրթռացող, դողացող, ճախրող) և Օքսֆորդի համալսարանի գիտնական Սպուները, ով շատ ցրված էր ու բառերը «թարս ու շիտակ» ասելու սովորություն ուներ, այնքան է իր դասախոսությունների ու ելույթների ժամանակ շփոթել ու թիթեռնիկներին անվանել «butterfly», որ բոլորն արդեն սովորել են այս տարբերակին:

Բոլոր ազգերը թիթեռնիկներին ասոցացրել են գեղեցկության, գարնան ու հավերժության հետ: Հին հույները աստվածուհի Փսիխեային պատկերում էին թիթեռնիկների թևերով աղջկա  տեսքով: Եվ թիթեռնիկների անվանումների մեջ էլ շատ հաճախ են հանդիպում հին հունական աստվածների անուններ, որովհետև Կարլ Լինեյը, առաջին գիտնականը, որ լրջորեն զբաղվեց կենդանաբանությամբ, առանձնահատուկ սիրով էր վերաբերվում թիթեռնիկներին ու վստահ էր, որ նրանք այնքան գեղեցիկ ու հիասքանչ են, որքան հին հունական աստվածներն ու հերոսները: Ասիական երկրներում թիթեռնիկ տանը տեսնելը հաջողություն է խորհրդանշում: Իսկ Հնդկաստանում թիթեռնիկը սիրո խորհրդանիշ է: Ացտեկները վստահ էին, որ եթե թիթեռնիկ բռնես ու բաց թողնես, նա անպայման կիրականացնի քո երազանքը: Դե իսկ սկանդինավյան ժողովուրդները երևի թե նվիրել են աշխարհին ամենահեքիաթային արարածներին՝ էլֆերին՝ փոքրիկ մարդուկներին՝ թիթեռնիկների թևերով:

ՄԻ ՔԻՉ ՄԵԾԱԿԱՆ ԼԵԳԵՆԴՆԵՐ ԹԻԹԵՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ

թիթեռների մասին

ՀԵՏԵՎԵ՞Լ ԼԻԴԵՐԻՆ

Ջոն Հենրի Ֆաբերը՝ ֆրանսիացի հայտնի նատուրալիստ գրող, մի հետաքրքիր փորձ է իրականացրել ապագա թիթեռնիկների՝ թրթուրների հետ: Թրթուրներն առհասարակ շարժվում են շարքով, այսինքն հետևում են նրան, ով առաջնորդում է իրենց: Ֆաբերը մի ծաղկամանի շուրջ այնպես ուղղորդեց թրթուրների շարքը, որ նրանք սկսեցին շարժվել շրջանաձև. առաջին թրթուրը գնում էր վերջինի հետևից, և ողջ շրջանը պտտվում էր ծաղկամանի շուրջ: Այդպես նրանք քայլեցին ժամեր, օրեր շարունակ, մինչև բոլորն էլ մահացան, ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորության վրա իրենց ուտելիքի պաշարից: Այդպես հաճախ նաև մարդիկ են վարվում. Շարունակ անում են այն, ինչ անում են ուրիշները, այն, ինչ ընդունված է, քայլում ու ապրում են կուրորեն, անում են այնպես, ինչպես միշտ է արվել: Մինչդեռ այն բոլոր հնարավորությունները, որ կարող էր կյանքը ընձեռել, մնում են բոլորովին մոտ, բայց աննկատ: Մի վախեցեք փորձել նորը, եղեք ինքնուրույն ու նախաձեռնող:

ԱՅՆ ԻՆՉ ՄԵԶ ՉԻ ՍՊԱՆՈՒՄ, ՄԵԶ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ Է ԴԱՐՁՆՈՒՄ

Մի անգամ մի մարդ թիթեռնիկի հարսնյակ գտավ ու մի քանի ժամ հետևեց, թե ինչպես էր թիթեռնիկը փորձում դուրս գալ հարսնյակի միջից: Նրան թվաց, թե դա շատ դժվար է թիթեռնիկի համար ու որոշեց օգնել նրան: Մարդը մկրատով կտրեց հարսնյակի մնացած մասը ու թիթեռնիկը հեշտությամբ դուրս եկավ: Բայց նրա փոքրիկ մարմինը ուռած, իսկ թևիկները անուժ մնացին: Նա այդպես էլ թռչել չկարողացավ: Թիթեռնիկը այդպես միայն սողալ էր կարողանում: Իր շտապողականության և օգնություն ցուցաբերելու ցանկության մեջ մարդը չհասկացավ, որ հարսնյակից դուրս գալու համար պայքարն անհրաժեշտ է թիթեռնիկին, որպեսզի նրա թևերն ամրանան, իսկ մարմինն էլ ազատվի ավելորդ հեղուկից: Այնպես որ, երբեմն պայքարը անհրաժեշտ է մեզ և այն բոլոր դժվարությունները, որ մեզ չեն սպանում, մեզ ավելի ուժեղ են դարձնում ու մենք թռչել ենք կարողանում, ինչպես թիթեռները…

Մեկնաբանել


Like it? Share with your friends!