Լույս աշխարհ գալով՝ ամեն փոքրիկ իր մայրիկի օգնությամբ քայլ առ քայլ հաղթահարում է իրեն հանդիպող բոլոր կարևոր «մարտահրավերները»: Սովորում է ուտել, նստել, քայլել, խաղալ, հասկանում է «կարելի»-ի ու «չի կարելի»-ի սահմանները, ճանաչում է իրեն շրջապատող այդքա՜ն հետաքրքիր աշխարհը:
Եվ ահա գալիս է մի պահ, երբ առաջանում է ընկերներ ձեռք բերելու ու հասարակության մասնիկը դառնալու անհարաժեշտություն։ Սոցիալիզացիայի ու կյանքի հմտությունների ձեռքբերման հարցում անգնահատելի է մանկական զարգացման կենտրոնների ու մանկապարտեզների դերն ու նշանակությունը:
Թե որքան բան են սովորում այնտեղ երեխաները և որքան են նպաստում նման կենտրոնները փոքրիկ անհատի ճիշտ ձևավորմանն ու զարգացմանը, հրաշալի գիտեն այն մայրիկները, ում բալիկներն արդեն հաճախում են մանկապարտեզ կամ զարգացման որևէ կենտրոն: Իսկ ահա նրանք, ովքեր կանգնած են այդ փուլի նախաշեմին, ունեն անթիվ-անհամար հարցեր:
Ե՞րբ, ինչպե՞ս, որտե՞ղ… Արդյո՞ք փոքրիկը կսիրի մանկապարտեզը կամ կենտրոնը, արդյո՞ք կքնի, արդյո՞ք կուտի, որքա՞ն լաց կլինի մայրիկի համար, որքա՞ն ժամանակում կհարմարվի և այլն, և այլն:
«Մինիոն» խնամքի և զարգացման կենտրոնում գիտեն մայրիկների այս բոլոր հարցերի պատասխանները և շատ ու շատ ավելին: Սկսենք ամենասկզբից:
Ե՞ՐԲ, ՈՐՏԵ՞Ղ, ԻՆՉՊԵ՞Ս
«Մինիոն» խնամքի և զարգացման կենտրոնը հիմնադրվել է 2018 թվականին՝ Բերբերյան ընտանիքի կողմից: Կենտրոնի հիմնադիր-տնօրեն Հուրի Բերբերյանը ծնվել և ապրում է Քուվեյթում:
Ասում է, որ վաղուց կար ցանկություն նման կենտրոն բացելու, սակայն չէր ցանկանում այն օտար երկրում բացել։
«Մեր նպատակն էր հենց մեր հայրենիքում հիմնել այս կենտրոնը, որ հայ բալիկները օգտվեն մեր ստեղծած գեղեցիկ, հարմարավետ և հրաշալի պայմաններից»։
Ամենափոքրիկների համար կենտրոնում գործում են 3 տարիքային խմբեր՝ վաղ (1,5 տարեկանից մինչև 2 տարեկան), կրտսեր (2-ից 3 տարեկան) և միջին (3 տարեկանից 5 տարեկան ):
5-ից մինչև 6 տարեկան երեխաների համար գործում է նախադպրոցական խումբ, իսկ 6-ից 12 տարեկանների համար՝ դասապատրաստման խմբակ։
ԼՈՒՍԱՎՈՐ ՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ ԱՊԱՀՈՎ ՄԻՋԱՎԱՅՐ
Լուսավոր ու ընդարձակ շենքային պայմաններում հիմնված կենտրոնը ամբողջությամբ հարմարեցված ու բարձրաճաշակ ձևով կահավորված է փոքրիկների համար: Յուրաքանչյուր մանրուք ընտրված է խնամքով ու մեծ ուշադրությամբ:
Կենտրոնի գործադիր տնօրեն Գայանե Մարտիրոսյանը նշում է, որ իրենց ամենաառաջնային նպատակը երեխաների համար ամբողջությամբ ապահով ու անվտանգ միջավայր ստեղծելն է եղել: Սա, անշուշտ, այն է, ինչը առաջնային է նաև ամեն ծնողի համար:
Մանկապարտեզի երեխաների առողջության պահպանման և ամրապնդման խնդիրները այստեղ մանկավարժական և բուժանձնակազմի մշտական ուշադրության կենտրոնում են: Կենտրոնը ունի նաև կանաչապատ ու ընդարձակ բակ, որտեղ երեխաները ամեն օր զբոսնում են ու օգտվում տարատեսակ խաղամիջոցներից:
Ամռան ամիսներին իրականացվում են կոփիչ առողջարարական միջոցառումները, որոնք նույնպես վերահսկվում են բուժանձնակազմի կողմից։
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ, ՀՈԳԱՏԱՐ ՈՒ ՓՈՐՁԱՌՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ
Ամեն երեխայի համար իր խնամքի և զարգացման կենտրոնը փաստացի դառնում է երկրորդ տունը, որտեղ նա անցկացնում է օրվա կեսը և նույնիսկ ավելին: Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է այն մթնոլորտը, որտեղ երեխան անցկացնելու է այդ ժամերը:
Որքան ջերմ ու ընտանեկան մթնոլորտ լինի կենտրոնում, այնքան ավելի հաճույքով երեխան կշտապի մանկապարտեզ: Սա Հուրի Բերբերյանի ու Գայանե Մարտիրոսյանի հիմնական գերխնդիրներից մեկն է եղել, այդ իսկ պատճառով, նրանք մեծ ուշադրությամբ են վերաբերվել անձնակազմի ընտրության հարցի:
Կենտրոնի դաստիարակները ոչ միայն երեխաների հետ աշխատանքի տարիների փորձ ունեն, մասնագիտական բարձրագույն կրթություն, այլև ջերմ են, հոգատար, պատրաստակամ սեր, քնքշանք ու անհատական մոտեցում ցուցաբերելու ամեն փոքրիկի, հասկանալու նրա հետաքրքրությունները, նախասիրությունները և անելու ամեն ինչ, որպեսզի երեխան իրեն լավ զգա կենտրոնում:
Նրանք նաև օգնում են երեխային հեշտությամբ հաղթահարել մանկապարտեզին հարմարվելու անցումային շրջանը: Մանկապարտեզի տնօրինությունը հնարավորություն է տալիս մայրիկին երեխայի հետ միասին գտնվելու մանկապարտեզի տարածքում այնքան, մինչև երեխան իրեն հարմարավետ զգա նոր միջավայրում, ինչը յուրաքանչյուր մայրիկի համար նույնպես չափազանց կարևոր է:
«Ինչպես գիտենք, Մինիոնները հսկա, մեծ ընտանիք են և մեր ցանկությունն է, որ մեր կենտրոնն էլ բալիկների համար դառնա մի մեծ ու ջերմ ընտանիք, իսկ մեր սաներն ել փոքրիկ Մինիոնների նման շատանան ու շատանան»- ասում է կենտրոնի հիմադիր-տնօրեն Հուրի Բերբերյանը՝ այդպես մեկնաբանելով կենտրոնի անվան ընտրությունը։
ՀԱՄԵՂ ՈՒՏԵԼԻՔ, ՈՐԻՑ ՈՉ ՄԻ ԵՐԵԽԱ ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ
Այո, այդպես լինում է նաև այն փոքրիկների դեպքում, ովքեր կտրականապես հրաժարվում են իրենց մայրիկի պատրաստած այս կամ այն ուտելիքից: «Մինիոնի» կենսուրախ ու պրոֆեսիոնալ խոհարարը գիտի այն բանալին, որով ուտելիքը դարձնում է գրավիչ ամեն երեխայի համար:
Մանկական ուրախ ձևավորումներով ուտեստները անտարբեր չեն թողնում երեխաներին, իսկ հոգատար դաստիարակները պատրաստակամորեն սովորեցնում են նրանց սեղանից օգտվելու և ինքնուրույն ճաշելու կանոնները:
Սննդի համար մթերքների ընտրությանը անձամբ հետևում է կենտրոնի տնօրենն ու համոզվում, որ դրանք պատրաստվում են ամենաբարձրակարգ, էկոլոգիապես մաքուր մթերքներից:
ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԸՆՏՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂԵՐ ՈՒ ԽԱՂԱԼԻՔՆԵՐ
«Մինիոն» խնամքի և զարգացման կենտրոնում ոչ մի փոքրիկ չի հասցնի ձանձրանալ, քանի որ բոլոր խաղասենյակները ամբողջությամբ հագեցած են զարգացնող, էկոլոգիապես մաքուր փայտե խաղալիքներով, գունագեղ գրքերով, զարգացնող նյութերով, որոնք ընտրվել են՝ հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկությունները:
Կենտրոնում առկա են նաև ժամանակակից տեխնիկական միջոցներ, ուսուցման գործընթացի համար անհրաժեշտ տարատեսակ դիդակտիկ նյութերը:
ՈՒՍՈՒՑՈՒՄ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԽԱՂԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Նախադպրոցական հաստատությունների առաքելություններից մեկն էլ այն է, որ երեխան քայլ առ քայլ պատրաստվի դպրոցական ուսուցմանը ու նորանոր գիտելիքներ ձեռք բերի:
Այդ իսկ պատճառով «Մինիոնի» անձնակազմը մեծ ուշադրություն է հատկացնում երեխաների զարգացման և ուսուցման խնդիրներին՝ օգտագործելով բացառապես փոխներգործուն, խաղային ու ակտիվ մեթոդներ և բացահայտելով երեխայի ստեղծագործական ներուժը:
Երկարամյա մանկավարժական փորձ ունեցող Գայանե Մարտիրոսյանը երաշխավորում է նաև, որ կրթադաստիարակչական աշխատանքները իրականացվում են ՀՀ ԿԳՆ կողմից հաստատված ծրագրերի ու նախադպրոցական կրթության պետական չափորոշիչների հիման վրա:
Վաղ մանկությունը երեխայի աճի և զարգացման բացառիկ ժամանակաշրջան է: Մինչև 6 տարեկան երեխաների զարգացումը բազմակողմանի է, քանի որ ֆիզիկական զարգացմանը զուգընթաց զարգանում է նաև երեխաների խոսքը և լեզուն, զգացմունքները, սոցիալական շփման և իմացական կարողությունները։
«Մեր կենտրոնում երեխաների ներդաշնակ զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հիմքում ընկած է խաղային գործունեությունը, ինչպես նաև գործնական աշխատանքների անցկացումը, որի ընթացքում երեխաներին հնարավորություն է ընձեռվում խաղի միջոցով ստացած ճանաչողական և պարզագույն գիտելիքները գործնական աշխատանքների կատարման միջոցով կիրառելու կյանքում»,- ասում է Հուրի Բերբերյանը։
Երեխաները այստեղ աշխատում են ծեփամածիկներով, ներկերով, մատիտներով, գունավոր թղթերով, ավազով և շատ այլ դիդակտիկ նյութերով, մանկավարժների օգնությամբ տարատեսակ ձեռքի աշխատանքներ են պատրաստում, խաղում խաղեր, որոնք նպաստում են խոսքի ձևավորմանը, տրամաբանության զարգացմանը, գույների, ձևերի ու պատկերների ճանաչողությանը:
Սովորում են նաև անգլերեն ու ռուսերեն լեզուներ՝ կրկին խաղային ուրախ մեթոդներով, ինչի շնորհիվ ձևավորվում է երեխաների պասիվ բառապաշարը, լեզուներ տարբերելու, հասկանալու կարողությունը:
Երաժշտության ուրախ դասերն էլ նպաստում են երեխայի երաժշտական ունակությունների զարգացմանն ու գեղագիտական ճաշակի ձևավորմանը, ռիթմի զգացողության ամրապնդմանը:
Ահա այս ամենի, «Մինիոնի» ողջ անձնակազմի կողմից ցուցաբերվող սրտացավ վերաբերմունքի, փոքրիկ անհատին ճանաչելու ու սիրելու մեծ ցանկության մեջ է այստեղ հաճախող ամեն փոքրիկի ամենօրյա ոգևորության ու բարձր տրամադրության գաղտնիքը: