Ամանորին նախորդող օրերը ամենահետաքրքիրն են, չէ՞ որ երևակայությունը ազատություն է ստանում ու օգնում մեզ զարդարել մեր բնակարանը, դասասենյակը, նվերների տուփերն ու առհասարակ ամեն-ամեն ինչ:
«Մինիոն» մանկական խնամքի ու զարգացման կենտրոնում փոքրիկները մեկը մյուսից հետաքրքիր տոնական զարդարանքներ են պատրաստում: Ահա այս պսպղուն hand made տոնածառը շատ քիչ ժամանակ է պահանջում պատրաստելու համար, բայց փոխարենը խոստանում է ապահովել տոնական հրաշալի տրամադրություն: Այն կարող եք նվիրել բացիկի տեսքով կամ շրջանակի մեջ տեղավորելով՝ կախել պատից:
Դե ինչ, հետևենք փոքրիկ «մինիոնների» քայլերին ու նրանց հետ միասին պատրաստենք մեր տոնածառը:
Ի՞նչ է անհրաժեշտ
- Կանաչ ու սպիտակ թուղթ
- Սոսինձ
- Զիգզագաձև մկրատ
- Փայլփլուն թուղթ
Ինչպե՞ս պատրաստել
Քայլ 1
Զիգզագաձև մկրատը կօգնի էլ ավելի շքեղ տեսք տալ տոնածառին: Այնպես որ, եթե տանը գտնեք զիգզագաձև մկրատ, ապա դրա օգնությամբ կտրեք կանաչ թղթից եռանկյունիներ, ի դեպ դրանց չափերը պետք է մի փոքր տարբեր լինեն, որպեսզի շարեք մեծից փոքր:
Կտրեք նաև մեկ քառակուսի. դա կլինի տոնածառի բունը:
Անշուշտ, նույնը կարող եք անել նաև ուղիղ կտրող մկրատով:
Քայլ 2
Փայլփլուն թղթերից կտրեք 10 փոքրիկ շրջանակ: Դրանք կլինեն մեր տոնածառի խաղալիքները: Մեկ հատ էլ փայլուն աստղ կտրեք:
Քայլ 3
Վերցրեք սպիտակ թուղթն ու կանաչ եռանկյունիներից մեկի հետևի կողմում սոսինձ քսելով՝ փակցրեք այն սպիտակ թղթի վրա: Ներքևի մասում սոսնձեք քառակուսին:
Քայլ 4
Նույնը կրկնեք մյուս եռանկյունիների համար: Սոսնձեք դրանք մեկը մյուսի վերևում:
Քայլ 5
Սոսինձ քսեք նաև շրջանակների հետևի կողմում ու փակցրեք դրանք տոնածառի վրա:
Քայլ 6
Սոսնձեք աստղը ու փակցրեք այն տոնածառի գագաթին:
Վերջ, պսպսղուն տոնածառը պատրաստ է: Բացիկի տեսքով նվիրելու դեպքում չմոռանաք նաև գեղեցիկ մաղթանքներ ավելացնել: