Մի աղջիկ կար: Ամբողջ օրը սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:
Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ պատմեցին նրան, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց աղջիկը հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրի՛նգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, այլ դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի՛ տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո՛, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն կենտրոնացիր: Այս Սուրբ Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. աշխարհ`ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով:
Ապագայի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե ընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ՜, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց Սուրբ Ծննդյան տոնն էր: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր` երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել ի՛մ պիեսները»:
Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ի՛նչ ինքնավստահորեն է ուշադրություն պահանջում իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սուրբ Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:
Պաուլո Կոելյո