ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄԱՌՎԱ ՄԱՍԻՆ


Բանաստեղծություններ ամառվա մասին

ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ

Լուսընկա գիշեր, երկինքը պայծառ,

Անհամար աստղեր ցոլցլում են վառ․

Քընած է արդեն հովտի մեջ գյուղը,

Մութն է պատել էլ խեղճ շինականի խարխուլ հյուղը։

Լռությունն տիրել է չորս կողմին,

Միայն գետակն է ձորում աղմկում,

Կամ թե շների հաչոցն է երբեմն

Մեղմ արձագանքով հնչում անտառում։

Խաղաղ գիշեր է․ հովն է փչում մեղմ,

Ծաղկանց բուրմունքն է բերում հեռվից,

Ամենայն ինչ նիրհում է խաղաղ,

Երանություն է ծորում երկնքից։

Հ․ Թումանյան

ԱՄԱՌ

Թե ամառ է, շոգ ամառ,

Ի՞նչ է բերում մեզ համար․

— Ցորեն, գարի ու հաճար՝

Ամեն հոգսի դեղ ու ճար։

Բերում է միրգ ու բանջար,

Ձմերուկ, սեխ անհամար,

Ուտենք, խմենք ու խնդանք,

Ամռան արևին խնկանք։

Ա․ Խնկոյան

ԱՄԱՌ

Խաղաղ դաշտերին
Իջել է ամառ,
Բերել է երկրին
Բարիք անհամար։

Քամին մեղմօրոր
Համբույր է տալիս,
Հասկերը շորոր
Գնում են, գալիս։

Տանձը դեղնել է,
Խնձորը՝ շիկնել,
Սեխը ելել է՝
Իր թաղին թիկնել…

Կրակ է մաղում
Արև վերից,
Խաղողն է շողում
Կանաչ թփերից…

Ծաղկած դաշտերին
Իջել է ամառ,
Բերել է երկրին
Բարիք անհամար։

Դ. Հարիբյան

ԱՐԵԳԱԿ

Արև՛, արև՛, եկ, եկ,
Զիզի քարին վե՛ր եկ․
Սև-սև ամպեր, հեռացե՛ք,
Արևին ճամփա՛ տվեք։

Թողե՛ք նա գա մեզ մոտ,
Նրա լույսին ենք կարոտ․
Կարմի՛ր արև, ե՛կ, ե՛կ,
Նախշուն քարին վե՛ր եկ։

Արևն հաղթեց ամպերին,
Շողեր ձգեց սարերին,
Զիզի քարը տե՛ս, տե՛ս,
Պսպղում է ոսկու պես։

Սիրու՛ն արև, մի՛շտ եկ,
Զիզի քարին վե՛ր եկ։

Ղ․ Աղայան

ԾԻԱԾԱՆ

Մթին ամպերից

Եկավ հորդ անձրև,

Պարզեց երկինքը,

Ծագեց ջինջ արև:

Կանաչ կարմիր

Կապեց ծիածան

Ջրի կաթիլներն

Ալ-գոհար դարձան:

Քամին հանդարտեց.

էլ չկա փոշի.

Հողը տաքացավ,

Ծխեց գոլորշի:

Ա. Խնկոյան

ԳԵՏԱԿԸ

-Ո՞ւր ես վազում

Այդպես արագ,

Ա՜յ դու կայտառ,

Սիրուն գետակ,

Կանգ առ, խաղանք

Էս ծառի տակ:

-Չէ՛, փոքրիկս,

Գնամ պիտի.

Տե՛ս ջաղացը

Գյուղի մոտի,

Պետք է ուժ տամ,

Որ պըտըտի:

Ցածն էլ հովտում

Անուշահոտ

Ինձ են մնում

Ծաղիկ ու խոտ,

Հոգնած-ծարավ

Տավարն ու հոտ:

Սառն աղբյուրը

Բարձր սարի

Դրանց համար է

Ինձ տալի

Իր զով ջուրը

Կըլկըլալի:

Իսկ կամուրջի

Տակն էլ որ գա,

Կա լվացքը

Պառավ կընկա,

Պետք է լվամ

Քանի լույս կա:

Դե՜, տեսնո՞ւմ ես,

Մնա՛ս բարով,

Ճամփաս ցանած

Հազար գործով.

Դադար չունեմ

Ես մինչև ծով:

Հ. Թումանյան

ԻՐԻԿՈՒՆ

Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.

-Հերիք է, ասավ,

Գնամ պառկեմ ու քնեմե:

Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ.

-Էս ի՞նչ է, ասավ,

Արևն էլ չի երևում.

Ես էլ պառկեմ ու քնեմե:

Թռչնակը երգում էր ծառի վրա, հանկարծ լռեց.

-Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ տերև է սըվսըվում,

Ո՛չ արևն է երևում.

Ես էլ գնամ ու քնեմե:

Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց.

-Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,

Ո՛չ տերև է սըվսըվում,

Ո՛չ արևն է երևում.

Ես էլ գնամ ու քնեմե:

Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց.

-Էս ի՞նչ է,ասավ,

Ո՛չ նապաստակ է վազ տալի,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,

Ո՛չ տերև է սըվսըվում,

Ո՛չ արևն է երևում

Ես էլ գնամ ու քնեմե:

Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.

-Ի՜նչ լավ է, ասավ,

Ո՛չ որսորդ է ման գալի,

Ո՛չ նապաստակ վազ տալի,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,

Ո՛չ տերև է սըվսըվում,

Ո՛չ արևն է երևում.

Մենակ ես եմ որ անքուն

Քեֆ եմ անում երկնքում:

Հ. Թումանյան

ԲԶԵԶԻ ԴՊՐՈՑԸ

Վարպետ Բզեզն ամռան մի օր

Դպրոց բացեց մեծ ծառի տակ

Ու հավաքեց թիթեռ, ճանճ, բոռ,

Մժեղ, մրջյուն, մլակ, մոծակ…

-Գիտե՞ք, ասավ, իմ փոքրիկներ,

Պիտի սովորեք, սովորեք անվերջ,

Որ իմանաք ինչ է ձեզ պետք,

Ինչ կա ձեր շուրջն ու կյանքի մեջ։

Պիտի սովորեք, սովորեք էնքան,

Մինչև դառնաք ինձ պես վարպետ:

Դե նստեցեք հիմի հանդարտ,

Ինչ որ կասեմ՝ կրկնեք ինձ հետ:

Ս. Անթառամ, Բ. Բարձմենակ,

Գ. Գաղտիկուռ, Դ. Դդում…

է՜յ, դու մորեխ, դեսն ականջ դիր,

Ի՞նչ ես էդտեղ կըտըրտում։

Ե. Երիցուկ, Զ. Զանազան,

է. էշխրտուկ, Ը. Ընկուզ…

Մի՛ աղմկեք, հանաք հո չի՞.

Թիթեռ, հանգի՛ստ, մոծակ, սո՛ւս:

Մի՛ խառնվեք, չեմ սիրում ես

Էդպես աղմուկ, աղաղակ։

Թ․ Թրթնջուկ, Ժ․ Ժախ ու բոխ,

Ի․ Իշառվույտ, Լ․ Լեղակ։

Խ․ Խընձորուկ, Ծ․ Ծիրան,

Կ․ Կըռոթուկ, Հ․ Հաղարջ․․․

-Տե՛ս, վարժապետ, էս մլակին,

Ինձ ասում է՝ սարի արջ։

-Ա՛յ տղա, է՜յ, չեն հայհոյիլ։

Տզզան հիմար անասուն․․․

Ձ․ Ձմերուկ, Ղ․ Ղանձլամեր,

Ճ․ Ճարճատուկ, Մ․ Մասուր։

Դու, է՜յ, ծղրիդ, ո՞նց ես նստել․

Գլուխդ — ետ, մեջքդ — դուրս։

Յ․ Յունապի, Ն․ Նունուֆար,

Շ․ Շագանակ, Ո․ Ողկույզ։

-Վա՜յ, նա ինչե՜ր կան՝ դասերում․

Ողկույզը ես շատ եմ սիրում․․․

-Իսկ ես կաղամբ կուտեմ, կուտե՜մ․․․

-Իսկ ես՝ ծիրան … — Իսկ ես՝ կոտեմ․․․

Ձեզ չեն հարցնում՝ ի՛նչ կուտեք դուք

Քնաթաթախ՝ առտեհան:

Չ. Չինարի, Պ. Պատատուկ

Ջ. Ջրկոտեմ, Ռ. Ռեհան:

Ս. Սերկևիլ, Վ. Վարդենի,

Տ. Տերեփուկ, Ց. Ցաքի …

Ո՜ւհ, մարդ քարից պիտի լինի,

Ձեր մեջ գլուխ կճաքի:

Փ. Փրփրրուկ. Ք. Քարասոխ,

Օ. Օֆ, պրծանք վերջապես…

Դե գնացեք, վաղը կգաք

Անգիր արած ջրի պես:

-Ու հավաքած թիթեռ, ճանճ, բոռ,

Մժեղ, մրջյուն, մլակ, մոծակ,

Վարպետ Բզեզն՝ ամառն էսպես

Դաս էր տալիս մի ծառի տակ:

Հ․ Թումանյան

 


Like it? Share with your friends!

 

Շնորհակալություն

Հետևեք մեզ YouTube-ում