Պատահական կոնֆետներ

ՊԱՏԱՀԱԿԱՆ ԿՈՆՖԵՏՆԵՐ

1 min


Հանուն կոնֆետների բոլորս ամեն ինչի պատրաստ ենք, չէ՞ որ նրանք իսկապես արժանի են դրան… Դա հասկացել են անգամ շատ հին ժամանակներում, չնայած այն բանին, որ առաջին կոնֆետները ստեղծվել են բոլորովին պատահաբար: Ավելի քան 3000 տարի առաջ հին եգիպտացիները իրար են խառնել մեղրը, թուզը և ընկույզը, որի արդյունքում էլ ստեղծվել են աշխարհի ամենաառաջին կոնֆետները:

Սակայն հասկանալով, թե ինչ համեղ բան են ստեղծել, կոնֆետների արտադրությունը եգիպտացիները դարձրել են շարունակական: Հնագետներն իրենց պեղումների ընթացքում նկարներ ու գրություններ են հայտնաբերել, որոնք պատմում են այն մասին, թե ինչ տեսք ունեին այդ կոնֆետները և ինչպես էին դրանք պատրաստվում: Այդ ժամանակ շաքարավազ չկար և դրա փոխարեն օգտագործում էին խուրմա և մեղր:

Արևելյան երկրներում կոնֆետներ ստանում էին նուշից ու թզից: Շատ վայրերում ամեն ցեղախումբ ուներ իր հատուկ հրուշակագործն ու գաղտնի բաղադրատոմսը: Արաբական երկրները հատկապես աչքի էին ընկնում իրենց բազմազան քաղցրավենիքներով և հենց արաբները առաջինը սկսեցին շաքարավազ պատրաստել` հրուշակեղեն ստանալու համար: Հին Ռուսաստանում նույնպես ստեղծվել էր կոնֆետին նմանվող մի բան, որը ստանում էին մեղրից ու մրգահյութից:

Առաջին շոկոլադե կոնֆետները ստեղծվել են 1857թ.-ին Բրյուսելում` դեղագործ Ջոն Նոյհաուսի կողմից: 1912թ.-ին էլ նրա որդին սկսեց շոկոլադե կոնֆետների վաճառքը, իսկ կոնֆետները ոսկեգույն թղթով փաթեթավորելը նրա կնոջ միտքն էր:

«Կոնֆետ» բառն առաջացել է լատիներեն confectum (պատրաստված) բառից: Այս բառը սկզբում օգտագործում էին դեղագործները` 16-րդ դարում: Նրանք այդպես էին անվանում շաքարով պատրաստված բոլոր այն մուրաբաները, որոնք բուժիչ հատկություն ունեին:

Տիգրանուհի Թասլակյան


Մոծակ