Շատ տարիներ առաջ՝ 1980-ական թվականներին, երբ դեռ գունավոր ու համեղ մաստակների այսպիսի տեսականի գոյություն չուներ, Intergum կոչվող ընկերությունը սկսեց արտադրել մի զարմանալի համեղ մաստակ և անվանեց այն Love is: Այն ակնթարթորեն տարածում գտավ ու հայտնվեց բոլոր դպրոցականների ձեռքին:
Այս մաստակի սիրահարների թվում քիչ չէին նաև մեծահասակները: Պատճառն այն էր, որ Love is-ի ներդիրները անտարբեր չէին կարող թողնել ոչ ոքի: Հմայիչ մուլտկերպարները անմիջապես հաջողություն բերեցին թուրքական Intergum ընկերությանը, որն օգտագործել էր նկարները՝ խախտելով հեղինակային իրավունքները: Love is-ի նկարիչների մտքով անգամ չէր կարող անցնել, որ իրենց նկարներն օգտագործվում են մաստակի արտադրության մեջ:
Ինչ վերաբերում է Love is-ի նկարներին, ապա դրանց առաջին անգամ նկարել է Կիմ Գրոուվը: Նա ծնվել է Նոր Զելանդիայում և 19 տարեկանում ուղևորվել է շրջագայության այլ երկրներ ու հաստատվել ԱՄՆ-ում: Այստեղ նա ծանոթանում է Ռոբերտո Կասալի անունով մի հմայիչ իտալացու հետ ու նրա համար անձեռոցիկների վրա սկսում է նկարել զվարճալի մարդուկներ ու սիրային ուրախ տեսարաններ: Love is ոճի այս նկարները Ռոբերտոյին անտարբեր չեն թողնում ու քիչ ժամանակ անց Կիմն ու Ռոբերտոն ամուսնանում են:
Կիմի համար այս նկարները պարզապես հետաքրքիր զբաղմունք էին, նա լուրջ չէր վերաբերվում դրանց, սակայն Ռոբերտոն որոշում է զբաղվել նրա պրոդյուսերությամբ ու տպագրում այս նկարները: Love is նկարներն այնքան են սիրվում, որ սկսում են տպագրվել ավելի քան 50 երկրներում՝ համապատասխան թարգմանություններով: Տպագրվում էին անգամ օրացույցներ, բաժակներ ու շապիկներ:
«Եթե ես ընտրելու հնարավորություն ունենայի, ապա սիրային երգերի բառեր կգրեի: Սակայն ես գեղեցիկ գրել չեմ կարողանում, այդ պատճառով էլ գտա այլ տարբերակ՝ զգացմունքներս արտահայտելու համար»,-ասում էր Կիմը:
1978 թվականին Կիմը ծանոթանում է բրիտանացի նկարիչ Բիլլ Էսփրիի հետ և նրան փոխանցում Love is նկարներ ստեղծելու իրավունքը: Բիլլ Էսփրին ստեղծում է նկարների գունավոր տարբերակը, որոնք էլ սկսում է օգտագործել թուրքական Intergum ընկերությունը: Բիլլը մինչև այսօր էլ շարունակում է նկարել ուրախ մարդուկներին և կարծես թե չի ձանձրանում արդեն 34 տարի շարունակ:
Անահիտ Ալեքսանյան