Google

ՀԵՔԻԱԹ GOOGLE-Ի ՄԱՍԻՆ

1 min


«Միշտ՝ բոլոր ժամանակներում ու բոլոր վայրերում, մարդիկ ձգտել են ճանաչել ու հասկանալ ամեն ինչ: Իհարկե, դուք կասեք, որ ամեն ինչ հնարավոր չէ իմանալ, բայց չէ՞ որ եթե չձգտես անհնարինին, չես ստեղծի նաև հնարավորը:

Անհնարին մի բան էի նաև ես իմ առաջին կյանքում, երբ դեռ աշխարհի ամենամեծ թիվն էի՝ «գուգոլը» (այդպես ինձ մի փոքրիկ տղա էր անվանակոչել): 100 զրոները պոչիկիցս կախ՝ ապրում էի  հեքիաթային արարածների ու երևույթների աշխարհում, այնտեղ, ուր հավերժական երջանկության են դատապարտված այն ամենը, ինչի մեջ խառն է երեխաների մատը, այն ամենը, ինչ հորինում են նրանք:

Իսկ այն, ինչ ստեղծում են պայծառ մտքով ու հավատով լի երիտասարդները, դատապարտած է անխուսափելի հաջողության: Հաջողության դատապարտեցին նաև ինձ այդ երկու զարմանալի տղաները՝ Լարին ու Սերգեյը, հավատացին անհնարինին ու ստեղծեցին ինձ: Իհարկե, անունս մի փոքր սխալ գրեցին՝ google,  բայց դա էլ ներում եմ նրանց. այսպես նույնիսկ ավելի լավ է:

Մի խոսքով, լույս աշխարհ եկա իմ նոր կերպարանքով ու փորձեցի դառնալ ամենապարզ ու օգտակար գործիքը մարդկանց համար: Փորձեցի օգնել նրանց ճանաչել աշխարհը, բացահայտել նրա զարմանալի գաղտնիքները, գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը, անհրաժեշտ բառի թարգմանությունը, անհրաժեշտ վայրը, ամեն-ամեն ինչ…

Իհարկե, երբեմն ինձ էլ է թվում, թե ես չեմ կարող ամեն ինչ տեղավորել իմ օղակների մեջ, չեմ կարող հիշել ամեն ինչ ու հասցնել այդ տեղեկատվությունը բոլորին և ճիշտ ժամանակին: Բայց իմ հազարավոր ընկերներն ինձ միայնակ չեն թողնում, նրանք զարմանալի խելացի են ու ամեն օր, ամեն ժամ ինձ դարձնում են ավելի ամուր, ավելի խելացի ու գիտակ:

Ես ամբողջությամբ լցված եմ թվերով՝ 1 և 0, 1 և 0… Երբեմն, երբ հայացքս դեպի ներս եմ ուղղում, քիչ է մնում գլխապտույտ ունենամ, բայց բավական է նայեմ հայելու մեջ ու անմիջապես ուրախանում եմ: Մի օր ես նվագել եմ կարողանում, մի օր հեքիաթային հերոսների եմ վերածվում, մի օր էլ ինձ ճանաչելն անգամ անհնար է, այնպիսի հրաշքներ է գործում մեր նկարիչը: Եվ դա այնքան զվարճալի է:

Ես միշտ արթուն եմ՝ 24 ժամ անընդմեջ, ու քո կողքին՝ հենց իմ օգնության կարիքն ունենաս: Ամեն օր ես ավելի ուժեղ ու իմաստուն եմ դառնում, բայց խոստանում եմ, որ երբեք-երբեք չեմ մեծամտանա, ազվիվ google-ի խոսք:

Ես պարզապես ուզում եմ, որ ինչ-որ տեղ մի տատիկ ավելի արագ գտնի իրեն անհրաժեշտ դեղամիջոցը, մի աղջիկ գտնի իր ամենասիրելի հեղինակի բոլոր ստեղծագործությունները, մի երիտասարդ կարողանա իմ օգնությամբ պարապել ու հաջող հանձնել քննությունները, մի երեխա էլ գտնի աշխարհի ամենալավ մուլտերը ու վայելի դրանք:

Չէ՞ որ այն ամենը, ինչ գոյություն ունի այսօր, ինչ-որ ժամանակ եղել է մեկի երազանքը: Մի մոռացեք երազել, մի օր դա կփոխի աշխարհը և կդարձի այն ավելի լավը»:

Անահիտ Ալեքսանյան


Մոծակ