ՊԱՐՈՆ ԿԱՐՏՈՖԻԼԱՅԻՆ ԳԼՈՒԽԸ


Շատ խաղալիքներ կարող են պարծենալ իրենց զարմանալի կարողություններով, սակայն քչերը կարող են հպարտանալ այնպիսի երկարատև փորձով, ինչպիսին որ ես ունեմ: Իհարկե, ես չեմ կարող մյուսների պես թռչել, երգել, կրակել. ես ընդամենը մի մեծ Կարտոֆիլե գլուխ եմ, որ ունի աչքեր, ականջներ, բեղեր ու մի մեծ քիթ: Բայց փոխարենը ես այնպիսի կենսագրություն ունեմ, որին անգամ մարդիկ կնախանձեին: Ես համարյա 60 տարեկան եմ և ինձ նույնիսկ ձեր տատիկ-պապիկներն են ճանաչում, ես նրանց մանկության ամենակարևոր խաղալիքներից մեկն եմ եղել…

Ինձ ստեղծել է Ջորջ Լերները՝ իր փոքրիկ քույրիկների համար: Սկզբում ես բնական բանջարեղենային հացաքածու էի, մարմինս կարտոֆիլից էր, քիթս՝ գազարից, աչքերս էլ՝ խաղողի հատիկներից: Ապա սկսեցին պատրաստել նաև խաղալիքի կտորներ՝ իմ դեմքի մասերը, որոնք մայրիկները ամրացնում էին իսկական կարտոֆիլների վրա ու զվարճացնում երեխաներին, հետո իհարկե ինձ համար մարմին էլ պատրաստեցին ու ես ստացա այն տեսքը, որն ունեմ մինչև այսօր…

Հետո, ինչպես և սպասելի էր, ամուսնացա Տիկին Կարտոֆիլային գլխի հետ: Հիմա մենք լիքը երեխաներ ունենք` ֆրի կարտոֆիլներ, ինչքան ասես: Ես նաև քույր ու եղբայր ունեմ՝ Նյամն ու Սթադը:

Եվ վերջապես մի օր էլ հայտնվեցի հեռուստատեսությունում. ինձնից առաջ դեռ ոչ մի խաղալիք այդ պատվին չէր արժանացել, բա՜…  Իմ հեռուստատեսային կարիերան շարունակվեց և ես նկարահանվեցի «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմում: Ահա այդ ժամանակ էլ հաջողությունը թափվեց գլխիս (դե, իհարկե, ուրիշ տեղ չէր էլ կարող թափվել)…

Ու ես իսկական աստղ դարձա, ամեն տեղ միայն լսում էի «Պարոն Կարտոֆիլային գլուխ այստեղ համեցեք», «Պարոն Կարտոֆիլային գլուխ ուրախ ենք ձեզ տեսնել»:

potat 3

Մոռացա ասեմ, ես իսկական սպորտսմեն եմ: Ինձ նույնիսկ նախագահն է պարգևատրել սպորտային հաջողությունների համար: Գիտե՞ք մի ժամանակ ես շատ էի ծխում, իսկ հիմա պայքարում եմ հենց ծխելու դեմ: Այնպես որ, ես շատ լուրջ գործերով եմ զբաղված: Ու նաև շատ մեծահասակ ընկերներ էլ ունեմ, նրանց հետ միասին գնում եմ լուրջ հանդիպումների. ասում են` ինձ հետ շատ ուրախ է անցնում ու բոլորը բարի ժպտում են, երբ ինձ տեսնում են…

Իսկ գիտե՞ք, որ ես նաև հաղորդավար եմ, բա՜… Պարոն Կարտոֆիլային գլուխը իր շոուն ունի… Իսկ դիտե՞լ եք «Խաղալիքների պատմության» 3-րդ մուլտֆիլմը… Ինչպե՞ս, դեռ չե՞ք հասցրել….

Դե լավ, եկեք շատ չգովեմ իմ կարտոֆիլային գլուխը… Այ երբ կդիտեք, վստահ եմ ինքներդ կզանգահարեք ինձ և դեռ կխնդրեք ձեզ հարցազրույց տալ: Դե գնացի… Մինչև հանդիպում… Կսպասեմ…


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։