ԱՇՈՒՆԸ
Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն:
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է, տանում
Տերևը դեղին:
Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն:
ՏԵՐԵՎԱԹԱՓ
-Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,-
Ասավ քամին տերևներին,-
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին:
Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկեք ինձ հետ, փախեք ինձ հետ…
Եկեք տանեմ հեշտ ու անթև,
Անհետ ճամփով, անհայտ տեղեր,
Չեք իմանա այնուհետև…
Էլ ինչ է դող, ինչ ՝ ձմեռ…
Տերևները հենց լսեցին,
Նախշուն-նախշուն գույներ հագան,
Սվսվսալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան: