ՀԵԼԼՈՈՒԻՆ…


1 share
Հելլոուին

Այս տարօրինակ ու մի քիչ էլ սարսափելի տոնը նշվում է ամեն տարի հոկտեմբերի վերջին օրը: Սա մի շատ հին տոն է, որ սկիզբ է առել մեր թվարկությունից առաջ կելտական ժողովուրդների մոտ, որոքն ապրում էին ներկայիս Իռլանդիայի տարածքում: Իսկ այսօր Հելլոուինը ԱՄՆ-ում այնքան կարևոր տոն է համարվում, որքան, օրինակ, Սուրբ Ծնունդը:

Տարբեր երկներում տոնը յուրօրինակ ձևով են նշում: Ամերիկայում տոնի ամենակարևոր բաղադրիչները կոնֆետներն ու տոնական հագուստներն են, իսկ եվրոպական երկրներում՝ հացն ու ջուրը: Իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, թեկուզ Հելլոուինի սիրահարներն այնքան էլ շատ չեն, բայց նշում են այն յուրովի՝ ակումբային ընկերական հավաքների ձևով: Եվ  անգամ եթե դու նրանց թվին չես պատկանում, առաջարկում ենք ծանոթանալ Հելլոուինի շատ հետաքրքիր պատմությանը: Ազնիվ մոծակի խոսք, այն այդքան էլ սարսափելի չէ… նույնիսկ ինձ համար:

Եվ այսպես, սկսենք ամենասկզբից: Կելտերի տարին բաժանված էր երկու մասի՝ ամառ և ձմեռ, իսկ անցումը ամառվանից ձմռանը նշանավորվում էր բերքահավաքի ավարտով՝ ճիշտ հոկտեմբերի 31-ին: Տոնը կոչվում էր Սամխեյն: Իսկ հաջորդ իսկ օրվանից սկսվում էր ձմեռը: Նոյեմբերի 1-ի գիշերը, ըստ կելտերի, բացվում էին ողջերի ու մահացածների աշխարհների միջև դռները, և դա համարվում էր շատ ժողովուրդների ամենակարևոր տոնը:

Կելտերն այն շատ էին հարգում, և որպեսզի չդառնային մթության զոհը, հագնում էին կենդանիների մորթիներից կարված տարօրինակ հագուստներ, անջատում էին տների լույսերը և իրենց սարսափելի տեսքով վախեցնում էին ուրվականներին: Ոգիների համար նրանք հյուրասիրություն էին պատրաստում և թողնում փողոցում, իսկ իրենք հավաքվում էին իմաստուն դրուիդների վառած խարույկի շուրջ, պատմում սարսափելի պատմություններ, զոհաբերում էին կենդանիներ ու գուշակություններ անում: Ապա մեծ սուրբ խարույկից մի քիչ կրակ յուրաքանչյուր կելտ բերում էր իր տուն՝ ձմռանը ջերմանալու համար:

halloween

Այս ավանդույթը շարունակվեց այնքան, մինչև մեր թվարկության 1-ին դարում հռոմեացիները նվաճեցին կելտերին: Քրիստոնեություն ընդունելով՝ տեղի ժողովուրդները հրաժարվեցին իրենց հեթանոսական տոներից, սակայն Սամխեյնի մասին այդպես էլ չմոռացան: Իսկ երբ 9-րդ դարում Հռոմի Պապ Գրիգոր 3-րդը Բոլոր սրբերի օրը տեղափոխեց նոյեմբերի 1-ին, Սամխեյնը կրկին սկսեցին տոնել: Սրբերի տոնին նախորդող գիշերը անգլերեն լեզվում կոչվում էր  All Hallows Even (Բոլոր սրբերի երեկո), իսկ ավելի կրճատ տարբերակով – Hallowe’en՝ Հելլոուին: Եվ այդուհետ տոնը վերագտավ իր նախկին փառքը ու սկսվեց նշվել ավելի մեծ շուքով:

Հելլոուինին  այսօր Ամերիկայում սպասում են և մեծերը, և երեխաները, այն համարում են ամենաուրախ տոնը:  Այն, կարելի է ասել, դարձել է քաղցրավենիք խնդրելու օր: Դիմակահանդեսային հագուստներով երեխաները ողջ գիշեր կոնֆետներ են խնդրում իրենց հարևաններից: Հելլոուինին  ամեն տարի վաճառվում է ավելի քան 2 միլիարդ դոլլարի քաղցրավենիք: Աճեցվում են հսկայական դդումներ և յուրաքանչյուրն իր իսկ ձեռքերով դդումից «լուսամփոփ» է պատրաստում ու դնում պատուհանագոգին, որպեսզի այն պաշտպանի տունը չար ոգիներից: Օրիգինալ դդմիկ պատրաստելու մրցույթներ էլ են անկացվում: Լավագույն դդմիկի համար մրցանակը 25.000 $  է:

Հելլոուինի հիմնական գույներն են են համարվում սևն ու նարնջագույնը: Սևը խորհրդանշում է գիշերը, իսկ նարնջագույնը բերքավաքի գույնն է:

Children in halloween costumes

Հելլոուինից, սակայն, շատ երեխաներ են սարսափում (Հելլոուինից վախը ամենատարածված մանկական վախերից է) և հարկավոր է, որպեսզի տոնի գիշերը ծնողներն ուղեկցեն նրանց «կոնֆետային» այցելությունների ժամանակ: Ամենատարածված հավատալիքներից մեկն էլ այն է, որ այդ օրը չի կարելի նայել հայելու մեջ: Սակայն որոշ աղջիկներ վստահ են, որ հայելու մեջ կտեսնեն իրենց ասպետին:

Եվ վերջում պատմեմ, թե ինչու են Հելլոուինին պատրաստում այդ դդմիկներին և կոչում դրանք Jack-o-lanterns: Շատ դարեր առաջ աշխարհում ապրում էր մի դարբին՝ Ջեք անունով: Նրա ժլատության ու խորամանկության մասին լեգենդներ էին պտտվում: Ասում են՝ նա կարողացել էր խաբել անգամ սատանային և նրանից խոստում կորզել, որ երբեք չի դիպչի իր հոգուն: Սակայն Ջեքն այնքան մեղավոր էր, որ չէր կարող նաև Դրախտ ընկնել: Ուստի նրան մնում էր մի բան՝ թափառել երկրի վրա և լուսավորել իր ճանապարհը դդմիկից պատրաստված փոքրիկ լապտերով:

Հորինվածք է դա, թե իրականություն, ոչ ոք չի կարող ասել, սակայն մինչև այսօր էլ մարդիկ հավատում են ու պատրաստում Ջեքի անունով կոչվող այս լապտերները և լուսավորում իրենց պատուհանները նոյեմբերի 1-ի գիշերը:

Իսկ դու հանկարծ չվախենաս, Հելլոուինն ընդամենը զվարճալի ու տարօրինակ տոն է: Բայց իսկապես, ինչե՜ր ասես, որ չեն սիրում մարդիկ…

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։