Ահա և վերջ, ավարտվեց այդքան սպասված Մանկական Եվրատեսիլ 2011 երգի մրցույթ – փառատոնը: Պարզ դարձավ նաև այս տարվա հաղթողի անունը, որն էլ Վրաստանը ներկայացնող «Քենդի» խումբն է:
Հիշեցնենք, որ այս տարի փոխվել էին քվեարկության կանոնները: Եթե մինչ այսօր քվեարկությունը սկսվում էր առաջին մասնակցի ելույթից սկսած, ապա այս անգամ այն իրականացվեց մրցույթի վերջին 15 րոպեների ընթացքում:
Այս անգամ ևս մի փոփոխություն եղավ Եվրատեսիլի կանոններում: Նախորդ տարիների համեմատ այս տարի Եվրոպայի տարբեր անկյուններից փոքրիկ հաղորդավարները քվեարկության արդյունքները հայտնելիս, բարձրաձայն ասացին ոչ միայն ամենաբարձր երեք միավորները, այլ նաև 1 – ից մինչև 8 միավորները: Նշենք նաև, որ քվեարկությունից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է մանուկներին:
Ամեն ինչ հիանալի ստացվեց, Հայաստանը լեփ լեցուն դահլիճով, շքեղ լուսավորությամբ անցկացրեց մրցույթը: Մանկական Եվրատեսիլ 2011 – ի հաղորդավարներն էին Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը: Այս տարվա Մանկական Եվրատեսիլին որպես Հայաստանից հյուր հանդես եկավ Սիրուշոն, իր «Քելե քելե» երգի փոփոխված տարբերակով, և իհարկե նախորդ տարվա Մանկական Եվրատեսիլի հաղթող և այս ամենի «մեղավոր» Վլադիմիր Արզումանյանը՝ իր հաղթական «Մամա» երգով: Հաջորդ տարի Մանկական Եվրատեսիլն անցկացվելու է Նիդեռլանդներում:
Տիգրանուհի Թասլակյան