Առաջին ձյունը
-Վա~յ, մայրիկ ջան, տե~ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա~ն սպիտակ
Թիթեռ է գալի…
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ:
–Չէ, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ,
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ:
Էտ ձյունն է գալիս,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի:
Հովհաննես Թումանյան
Ձմեռ
Ծառը մերկացավ,
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից:
Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց:
Աթաբեկ Խնկոյան
Ձմեռ պապին
Ո՞վ է դաշտը ներկել ճերմակ,
Սարին, ձորին կարել վերմակ.
-Ձմեռ պապին…
Ո՞վ է ծառին գլխարկ կարել
Ապակուն ծիտ, վարդ նկարել.
-Ձմեռ պապին…
Ձմեռ պապին ամենագետ՝
Նկարիչ է, դերձակ-վարպետ:
Սուրեն Մուրադյան
Եղևնին
Անտառից եկած կանաչ եղևնին
Հիշում է կանաչ իր ընկերներին…
Գարուն է բերել այս ձմեռ օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր:
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես ինքն է բերել
Նոր տարին:
Համո Սահյան