Ծաղիկներ նվիրում և ստանում ենք ամենատարբեր առիթներով: Իհարկե հաճելի է, երբ տունը զարդարվում է գեղեցիկ ծաղիկներով, բայց չպետք է մոռանալ, որ այդ գեղեցկությունը պահպանելու համար հարկ է հետևել ծաղիկների խնամքին, պահպանել ծաղիկների թարմությունը: Դա շատ կարևոր է հատկապես հիմա, երբ շատ շոգ է, իսկ ծաղիկները շոգին դժվարությամբ են դիմակայում:
Առանձնահատուկ կարևորություն ունի ծաղկամանի ընտրությունը: Այն ծաղիկները, որոնք ունեն երկար ցողուններ, ինչպես օրինակ՝ վարդը, մեխակը, պետք է դնել լայն ծաղկամանի մեջ, որ իրար չխանգարեն: Վարդի կոթունից պոկեք նաև փշերը: Պետք է ուշադրություն դարձնել նաև ջրի պարունակությանը: Նուրբ պոչերով ծաղիկները ցանկալի է դնել 5 սանտիմետր բարձրությամբ ջրով լցված ծաղկամանի մեջ: Սակայն մինչ ծաղիկները ծաղկամանում տեղավորելը անհրաժեշտ է կտրել պոչերը 45 աստիճան թեքությամբ, որպեսզի ծաղիկները ջրի մեջ էլ կարողանան ստանալ թթվածին և «շնչեն» , ինչպես նաև պետք է ծաղիկներն ազատել ավելորդ տերևներից:
Ամռանը պետք է ծորակից լցնել թարմ ջուր, իսկ ձմռանը՝ սենյակային ջերմաստիճանի ջուր: Չմոռանաք պարբերաբար փոխել ծաղկամանի ջուրն ու լվանալ ծաղկի ցողունները: Ծաղկամանը նույնպես պետք է ամեն օր լվանալ: Ջրի մեջ չի կարելի լցնել աղ, շաքարավազ, սպիրտ, և այլ հավելանյութեր, ծաղիկներն էլ են մարդկանց նման սիրում մաքուր ջուր խմել:
Ծաղիկները գեղեցկացնում են մեր միջավայրը, սակայն հիշեք՝ նրանք նաև շատ նեղացկոտ են, այնպես որ պետք է անպայման ուշադրություն դարձնել նրանց, և խնամքով վերաբերվել:
Տիգրանուհի Թասլակյան