ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ


արվեստագետ կենդանիներ

Գիտե՞ք, որ նկարել, պարել, երգել ոչ միայն մարդիկ են կարողանում, այլև շատ կենդանիներ: Եվ երբեմն էլ այնքան լավ, որ մարդիկ են ձգտում օրինակ վերցնել նրանցից: Երևի լսել ես, որ գեղեցիկ ձայն ունեցող աղջկան հաճախ ասում են. «Սոխակի ձայն ունի»: Դե ինչ, արի ծանոթանանք երգեցիկ թռչունների և մյուս արվեստագետ կենդանիների հետ:

Ամենից հաճախ կարելի է հանդիպել ճնճղուկներին: Նրանք ամենուր են, մեր քաղաքի բոլոր անկյուններում…Բայց ափսոս նրանք շատ անհաջող երգիչներ են, միայն ծվծվում են: Փոխարենը նրանց շատ նման դեղձանիկները կարող են մրցել անգամ օպերային երգիչների հետ: Դեղձանիկներն ապրում են մարդկանց բնակարաններում՝ վանդակների մեջ: Եվ այնքան էլ չեն դժգոհում, որովհետև ազատ բնության մեջ նրանք ապրել չեն կարողանում…

Դեղձանիկի ու ճնճղուկի նման փոքրիկ է ամենագեղեցիկ ձայնն ունեցող թռչնակը՝ սոխակը: Սոխակները երգում են ողջ գիշեր, իսկ երբեմն էլ շարունակում են երգել մինչև կեսօր: Զարմանալի է, բայց նրանք ասես չեն հոգնում…Սոխակները շատ ամաչկոտ են ու երգելիս թաքնվում են թփերի արանքում, բայց այնքան ինքնամոռաց են երգում, որ կարելի է մոտենալ նրանց. սոխակները քեզ չեն նկատի… Նրանց երգերը շատ բազմազան են և ավագ սոխակները սովորեցնում են դրանք փոքրիկներին:

արվեստագետ կենդանիներ

Որոշ թռչուններ էլ երգչախումբ են կազմում և իրենց երգերով ազդարարում են, որ պետք է աշխատանքի գնալ, իսկ երեկոյան էլ տեղեկացնում են, որ աշխատանքային օրն ավարտվում է: Բայց գիտե՞ս, երգել սիրում են ոչ միայն թռչունները, այլև կենդանիները: Կետերն, օրինակ ամբողջական երգեր են կարողանում երգել: Նրանք շատ թույլ տեսողություն ունեն և ծովային աշխարհի մասին ամեն ինչ իմանում են ձայների շնորհիվ և միմյանց հետ էլ հաղորդակցվում են երգելով: Գորտերը ոչ միայն կռկռալ, այլև շատ լավ երգել գիտեն, միայն թե ոչ միշտ են ի ցույց դնում իրենց տաղանդը:

Երգել փորձում են նաև դելֆինները: Նրանք նաև նկարել են կարողանում: Եթե նրանց վրձին տաս, նրանք կբռնեն այն իրենց բերանով և կսկսեն նկարել թղթի վրա: Իհարկե նրանց նկարները գլուխգործոցներ չես համարի: Նկարել սիրում են նաև խոզուկները, փղերը, շները, ձիերը և ագռավները: Իսկ ամենաճանաչված նկարիչները կենդանական աշխարհում շիմպանզեներն են:

արվեստագետ կենդանիներ

Կոնգո անունով շիմպանզեն հայտնի էր ողջ աշխարհում: Սկզբում նա խաղում էր վրձնի հետ և ներկերն այս ու այն կողմ թափում, բայց հետո այս նկարիչը սովորեց իսկական նկարներ նկարել: Երբ նկարն ավարտված էր համարում, մի կողմ էր դնում վրձինը ու այլևս այդ նկարին ձեռք չէր տալիս, փոխարենը նոր, սպիտակ կտավ էր պահանջում: Նա նկարել է ավելի քան 400 նկար, որոնք վաճառվել են շատ թանկ գներով: Նրա նկարներից մեկն անգամ գնել է աշխարահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոն:

Իսկ դրախտային կոչվող թռչունները չափազանց գեղեցիկ բներ են կառուցում իրենց համար ու զարդարում կոնֆետի թղթերով ու ապակու կտորներով: Կաչաղակներն էլ իրենց բույն են բերում ոչ ուտելի վառվռուն իրեր: Ի՜նչ թիթիզն են, չէ՞:

Դե ինչ, ահա այսքանը արվեստագետ կենդանիների մասին, իսկ կենդանական աշխարհի հազարավոր գաղտնիքներ դեռ մեզ են սպասում:

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։