Թոմն ու Ջերրին

ԻՆՉՊԵՍ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ ԵԿԱՆ ԹՈՄՆ ՈՒ ՋԵՐՐԻՆ

1 min


70 տարի առաջ մի սովորական օր բոլորովին անհայտ մի սցենարիստ՝ Ռիչ Խոգանը, առաջարկեց Մետրո Գոլդուին Մայեր ընկերության անիմացիայի բաժնի տնօրեն Ռուդոլֆ Այզինգին նոր մուլտֆիլմ ստեղծել: Մուլտֆիլմը պետք է լիներ անդադար կռվող մկան ու կատվի մասին: Ռուդոլֆ Այզինգը կասկածանքով վերաբերվեց այս առաջարկին, բայց այնուամենայնիվ որոշեց ռիսկի դիմել: 1940 թվականի փետրվարի 20-ին էկրաններ բարձրացավ մուլտֆիլմի առաջին մասը: Երբ Ռուդոլֆ Այզինգը տեսավ, թե ինչպես է հանդիսատեսը փորը բռնած ծիծաղում, հասկացավ, որ չի սխալվել: Հիմա նա պատրաստ էր նկարահանել այս մուլտֆիլմի հարյուրավոր ու հազարավոր նոր սերիաներ…

Ուիլյամ Խաննան և Ջոզեֆ Բարբերան

Մուլտֆիլմի կերպարները մշակեցին երիտասարդ ռեժիսորներ Ուիլյամ Խաննան և Ջոզեֆ Բարբերան: Մուլտֆիլմի առաջին սերիայի վրա աշխատանքները ձգվեցին գրեթե երկու տարի: Առաջին մասում կատվի ու մկան անունները Ջասպեր և Ջինկս էին ու մեր օրերի Թոմին ու Ջերրիին այնքան էլ չէին հիշեցնում: Հազիվ էր հասցրել մուլտֆիլմը էկրաններ բարձրանալ, երբ այն արդեն Օսկարի առաջադրեցին: Երկրորդ մուլտֆիլմից հերոսներին արդեն սկսեցի կոչել Թոմ ու Ջերրի, և աստիճանաբար նրանք ձեռք բերեցին իրենց այժմյան տեսքը:

Իրվինս Սփենսը՝ Թոմի նկարիչը, հիշում էր, թե ինչպես էր ինքը Թոմին իր սեփական դիմագծերն ու միմիկան նկարում: Հաճախ նույնիսկ կանգնում էր հայելու առաջ ու արտանկարում իր շարժումները: «Ես պարզապես պաշտում եմ Թոմին նկարել: Անգամ մեր բնավորություններն են իրար նման», – ասում էր Սփենսը:

Թոմն ու Ջերրին

Հանդիսատեսը այնպես էր կլանվում Թոմի ու Ջերրիի վազվզոցով, որ նույնիսկ չէր նկատում, թե որտեղ են նրանք վազվզվում: Միայն մի մուլտհերոս նրանց աչքից չվրիպեց: Դա Թոմի տանտիրուհին էր, տիկին Հողաթափիկը: Այդպես նրան կոչեցին այն պատճառով, որ կադրում միշտ երևում էին միայն նրա ոտքերը և հողաթափերը: Մուլտֆիլմի երկրպագուները հեղեղեցին մուլտստուդիան խնդրանքներով, որ ցուցադրեն տանտիրուհու դեմքը: Միայն մեկ սերիայում տանտիրուհու դեմքը երևաց մի ակնթարթով և բոլորը հասկացան, որ տիկին Հողաթափիկը շատ նման էր սևամորթ դերասանուհի Հեթթի Մաքդանիելին:  Տիկին Հողաթափիկից բացի մուլտֆիլմում հանդես են գալիս նաև Սփայք անունով շունը, Թոմի ընկերուհին, Ջերրիի փոքրիկ զարմիկը և այլն:

Թոմն ու Ջերրին

Թոմն ու Ջերրին երբեք չեն խոսում, երբեմն տարբեր տեսակի ձայներ են արձակում, որոնք բոլորը հնչյունավորել է Ուիլյամ Խաննան: Բայց փոխարենը Թոմն ու Ջերրին կարդալ գիտեն: Ի դեպ, Ջերրին ամենից հաճախ կարդում է «Good Mousekeeping» («Մկների ճիշտ խնամք») գիրքը, իսկ Թոմը՝ թերթեր: Ջերրին նույնիսկ Մանկավարժական բարձրագույն կրթության դիպլոմ ունի: Թոմն էլ հրաշալի նվագում է ոչ միայն դաշնամուրի, ջութակի վրա, այլև իր սիրելիի համար սերենադներ է երգում:

Ահա այսպիսի բաներ, այսպես լույս աշխարհ եկան Թոմն ու Ջերրին ու սկսեցին իրենց ճամփորդությունը ողջ երկրագնդով: Թե ինչպիսի արկածների մեջ ընկան նրանք, կիմանանք արդեն մուլտֆիլմերը դիտելով: Դե ուրեմն, պատրաստվիր, սկսվում են մուլտդիտումները…

Անահիտ Ալեքսանյան


Մոծակ