Մայրիկները, ուսուցչուհիները, տատիկներն ու բոլոր-բոլորը սիրում են, երբ նվերները լինում են հատուկ իրենց համար և մեր իսկ ձեռքերով պատրաստված: Իսկ եթե մենք այս ամենը գիտենք, ուրեմն կարող ենք օգտագործել «իրենց դեմ»: Առաջարկում եմ շա՜տ պարզ մի նվեր, որից հաստատ բոլորն էլ կուրախանան, նույնիսկ՝ ինձ ու քեզ պես կամակորները:
Քեզ ընդամենն անհրաժեշտ է՝
Ապակյա տարա(կարող է փոխարինել նաև փոքրիկ կապոցը)
Փոքրիկ թղթեր. գույներն էական չեն:
Գրիչ
Ժապավեն
Եվ երևակայություն
Ի՞նչ պետք է անել՝
Այդ փոքրիկ թղթերի մեջ պետք է գրել, թե մայրիկի, ուսուցչուհու կամ էլ տատիկի բնավորության որ գիծն ես ամենաշատը սիրում, նրանց պատրաստած ո՞ր կերակուրը, արտահայտությունը և այլն:
Իսկ երբ գրես, վերջացնես, ամուր ծալի՛ր և դի՛ր տարայի մեջ:
Փակի՛ր այն և կապի՛ր գեղեցիկ ժապավենով:
Համոզված եմ, որ քո այս փոքրիկ ու շա՜տ յուրահատուկ նվերը կուրախացնի բոլորին:
Անի Ավագյան