Սա պատմություն է փոքրիկ պինգվինի մասին: Այդ պինգվինը շատ է նման ինձ ու քեզ: Թե ինչով, շուտով կհասկանաս: Պինգվինին կոչոմ են Վին: Այո, Պինգվին Վին: Նա չարաճճի է, այն էլ որքա՜ն չարաճճի: Այնքան չարաճճի, որ ծնողները որոշում են նրան մանկապարտեզ տանել: Միայն թե Վինին մանկապարտեզից էլ են վռնդում, կրկին չարություն անելու համար:
Իսկ երբ հեռավոր Անտարկտիդայում մի ուղղաթիռ է վայրէջք կատարում, Վինը իր կտուցը մտցնում է այնտեղ: Եվ մի՞թե այդպես չէին վարվի բոլոր-բոլոր հետաքրքրասեր փոքրիկները: Իսկ Վինը դեռ մի բան էլ ասում էր. «Նախ անում եմ, ինչ կամենամ, հետո՝ հարցնում ծնողներիս: Հարմար է այդպես»: Թե ինչպես պատժվեց Վինը իր չարաճճիության համար՝ հայտնվելով իր հարազատ Պինգվինաշենից 3000 կմ հեռու, կիմանաս, երբ դիտես աշխարհի ամենահրաշալի մուլտերից մեկը:
Իսկ ես հիմա կպատմեմ, թե ովքեր, երբ և ինչպես են ստեղծել այս մուլտֆիլմը: «Պինգվին Վինը» ստեղծվել է ավելի քան 40 տարի առաջ, երբ Հայաստանում դեռ նոր-նոր էին սկսել ստեղծել մուլտֆիլմեր: Պինգվինը եղավ ամենաառաջին հայ մուլտհերոսներից մեկը: Իսկ նրան ծնունդ տվեցին հայ մեծագույն արվեստագետները: Մուլտֆիլմի ռեժիսորը առաջին հայ մուլտիպլիկատորներից մեկն է՝ Ստեփան Անդրանիկյանը: Հենց նա որոշեց ստեղծել պատմություն չարաճճի Վինի մասին: «Վինը բազմաթիվ փորձություններ է հաղթահարում մուլտֆիլմում, սովորում է լինել քաջ և ինքնուրույն, նաև դառնում է խելացի և պատասխանատու իր արարքների համար: Այ հենց դրա համար էլ երեխաները բոլոր ժամանակներում սովորելու շատ բան ունեն նրանից», – ասում է Ստեփան Անդրանիկյանը:
Ռեժիսոր Ստեփան Անդրանիկյանը
Պինգվին Վինին նկարել է Ստեփան Անդրանիկյանի կինը՝ նկարչուհի Կիրա Անդրանիկյանը, իսկ ահա մուլտֆիլմի շատ գեղեցիկ երաժշտության և Վինի երգի հեղինակը Ստեփան Շաքարյանն է՝ հրաշալի կողմպոզիտոր, ում մասին դու շատ բան կիմանաս՝ էջը թերթելով:
Երևի քեզ հետաքրքրում է, թե ով է խոսում ու երգում Պինգվինի փոխարեն: «Նա մի փոքրիկ աղջիկ էր, որ սովորում էր մեր կինոստուդիային կից դպրոցի 4-րդ դասարանում: Հենց նրա զրնգուն ձայնն էլ մենք ընտրեցինք Վինի համար», – պատմում է մուլտֆիլմի կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը:
Կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը
Մուլտֆիլմի աշխատանքները տևեցին 6 ամիս և վերջապես այն ներկայացվեց մեծ ու փոքր հանդիսատեսին: Փոքրիկ, չարաճճի պինգվինը դարձավ նրանց ամենասիրելի հերոսներից մեկը, մուլտֆիլմի երգը դարձավ այնքան հայտնի, որ այսօր դու չես գտնի մեկին, ով չիմանա այս խոսքերը «Ոտքերով խաչեր եմ անում, գնում եմ, գնում»:
Իսկ մուլտֆիլմը այսօր քեզ է ներկայանում ավելի պայծառ գույներով, այնպես որ, ժամանակ մի կորցրու և ճանապարհ ընկիր դեպի Պինգվինաշեն …
Անահիտ Ալեքսանյան