ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ – «ԱԳԱՀԻ ՎԵՐՋԸ»


3 shares
Գրիշ Դավթյան

ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ

Ձմռան գիշեր մեր գայլ քեռին
Ականջ արեց սոված փորին
Ու իր վախը սրտում պահած
Եկավ մի գյուղ մտավ կամաց։

Քարերի տակ, ծառի ետև
Թաքնվելով ու հեվիհև,
Շունչը պահած, ահ ու վախով,
Սոված փորին ավետ տալով,
Եվ շների աչքից հեռու,
Նա գյուղամեջ մտավ թաքուն:

Դեսդեն փնտրեց տանուտերի
Համբավավոր տունը բերրի.
Գտավ… ուրախ ու շտապով
Վռազ մտնել ուզեց դռնով:

Դուռը կողպ էր, փակը դրած.
Նայեց շուրջը՝ ուրդն էր բաց.
Արած գյուտից ինքն էլ հավան
Ուրդից մտավ պարտեզը տան։

Շուրջը նայեց… բակի հեռվում
Տեսավ գամփռը մտել է քուն.
Շուտ ճանաչեց, դա ահավոր
Տանուտերի շունն էր հզոր,
Որ միշտ առաջն ելած հոտի
Հովվի հետ էր բերում խոտի.
Սարսափահար ու սրտաճաք
Կողքի անցքը մտավ շտապ,
Դռան ճեղքից նա ներս մտավ
Ու մի մթին մարագ ընկավ։

Նայեց վերև… ու անկյունում,
Պատի վերի բարձր թառում
Թառած աքլոր ու հավ տեսավ,
Գաղտագողի նա մոտեցավ…
Աքլոր աղան հավի կողքին,
Գլուխը թեք արած կրծքին.
Քուրիկ հավն էլ փքված, ուռած,
Մուշ-մուշ քնել էին հոգնած։

Կամաց թաթը բարձրացրեց,
Մյուս ոտքը պատին հենեց
Ու հո՜պ, թռավ՝ բերանը բաց
Եվ պու՜կ դրեց մեկին բռնած…

Հարայհրո՜ց, կա՜նչ ու վայո՜ց,
Հրացաների տրաքո՛ց.
Վազում են, հա՛, կրնկակոխ,
Ողջ գյուղը մի հսկա ամբոխ…

Ու գայլ քեռին
Աքլոր բերնին,
Ագին տնկած,
Սար-ձոր ընկած
Ո՜նց է փախչում
Պրծած թաքուն.
Չորս ոտ ուներ
Ու մի չորս էլ
Դեռ փոխ առած,
Մահվան դողը
Սիրտը ընկած,
Հա՜, փախչում է
Հազիվ ծլկած,
Քրտինք մտած…

Աքլորը բերնին հազիվհազ,
Բերնի ջրերը վազեվազ,
Հասավ իր բույնը քրտնաթոր,
Հախռեց,կերավ համեղ աքլոր։

Բայց գայլ քեռու որկորին խոր
Ի՜նչ դեղ կաներ լոկ մի աքլոր,
Գիշերը մութ էր ու խավար,
Որսի համար շատ էր հարմար.
Ի՜նչ փույթ, թե ողջ գյուղը քենոտ
Իմացավ իր գործը կեղտոտ.
Մինչև լույս էլ հո դեռ շատ կա,
Մնացածը Աստված կտա։

Ելավ կրկին և ծանր ու մեծ
Դեպի գյուղը շնորհ բերեց,
Գիտցած ճամփով էլ ետ եկավ,
Նույն մարագը նորից մտավ։
Սակայն չկար հավը այնտեղ,
Ո՞վ գիտի փախել էր ո՜րտեղ…

Դեսդեն ընկավ պրպտելով,
Դարմանի մեջ հավ փնտրելով.
Դրսից լսեց ձայնը նրա.
— Ահա՛, ահա՛
Գտա՜, գտա՜…
Ուրախացած բղավեց նա
Ու դուրս թռավ ագահ, ագահ…

Բայց դեռ ոտքը շեմից չառած
Գլխին զգաց մի ծա՛նր հարված,
Մնաց տեղում նա դնդըռնա՜ծ…
Ասես առաստաղը փլվեց
Ու հիմարի գլխին թափվեց…
Կամ ամպրոպի զարկ էր հզոր,
Մոռացրեց նրան իր փոր.
Աչքերը զույգ պեծին տվին,
Մի հարված էլ զգաց կողին.
Ջարդված գլուխը գի՜ժ եկավ,
Ողջ մարագը աչքից կորավ…

Հա՜ֆ-հա՜ֆ… մեկ էլ մի հսկա շուն
Գլխին թռավ քենով անհուն,
Բուկը սեղմեց ժանիքներով,
Գետին փռեց ողջ հասակով,
Հույսը բոլոր օդը ցնդեց,
Մահվան երգը փորում երգեց…

Հավ չկերած՝ այն ագահից՝
Կերածը հանեցին քթից։


Like it? Share with your friends!

3 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։