Հրաշալի հոգեբանական հեքիաթ, որը կարող է օգնել Ձեզ և Ձեր փոքրիկին, եթե նա ունի վախ մթությունից և երբեմն էլ գիշերային մղձավանջներ է ունենում: Հեքիաթը նախատեսված է 4-9 տարեկան երեխաների համար: Իսկ թե ինչպես օգտագործել հոգեբանական հեքիաթները կարող եք գտնել ահա այս էջում:
Կար-չկար մի փոքրիկ տղա կար, որ շատ էր վախենում մթությունից և երբեք գիշերը լույսը չէր անջատում, նույնիսկ երբ մայրիկը շատ էր բարկանում: Տղան փորձում էր մենակ չմնալ մութ սենյակում:
Մի անգամ նա մի զարմանալի հեքիաթ տեսավ՝ շատ վառ ու գեղեցիկ: Երբ տղան արթնացավ, նույնիսկ սկսեց կասկածել, երազ էր դա, թե իրականություն, որովհետև բոլոր պատկերները շատ հստակ էին նրա գիտակցության մեջ: Նա շատ լավ էր հիշում, որ աչքերը փակել էր, երբ սենյակում դեռ լույսը վառվում էր, իսկ այժմ, երբ բացեց աչքերը մութ էր: «Երևի մայրիկն է անջատել լույսը»,- մտածեց նա և հանկարծ իր կողքին նկատեց մի փոքրիկ մարդուկ: Մարդուկը շատ ծիծաղելի էր, նա մեծ, զվարճալի ականջներ ուներ, զարմանալի կոշիկներ և մի մեծ գլխարկ, որ անընդհատ ընկնում էր աչքերին:
-Բարև, փոքրիկ, – ժպտալով բարևոց նրան մարդուկը:
Բարև Ձեզ, իսկ Դուք ո՞վ եք,- շատ զարմացած պատասխանեց տղան:
-Ես հեքիաթային Էլֆ Ենին եմ և եկել եմ, որպեսզի քեզ ցույց տամ մի հեքիաթային ու սքանչելի աշխարհ, որը կոչվում է Մթնաշխարհ:
-Ոչ, ես չեմ գնա այդտեղ,- պատասխանեց տղան,- ես վախենում եմ մթությունից:
-Մենք գիտենք այդ մասին և վիրավորված ենք, որ դու վախենում ես այն հրաշալի և գեղեցիկ բաներից, որ մենք ունենք: Ես ուզում եմ ցույց տալ քեզ դրանք: Կգա՞ս ինձ հետ:
Տղան բոլորովին չէր ուզում գնալ մթության աշխարհը և շատ էր սարսափում այդ մտքից անգամ, սակայն նա չէր ուզում, որ Էլֆը մտածեր, թե ինքը վախկոտ է, ու ստիպված համաձայնեց: Հաջորդ վայրկյանին արդեն տղան Էլֆ Էնիի հետ մի գեղեցիկ դղյակի առջև էր: Այն ամբողջովին լուսավորված էր լիալուսնով ու բազմաթիվ աստղերով, և նրանք բոլորը ուրախ ողջունեցին տղային:
-Դե, ինչպե՞ս ես քեզ զգում այստեղ,-հարցրեց տղային Էլֆը:
-Հիանալի: Ինձ միշտ թվում էր, որ ամեն ինչ կարող է գեղեցիկ լինել միայն ցերեկը՝ արևի լույսի տակ: Սակայն հիմա դղյակն այնքան գեղեցիկ է, ասես արծաթափայլ շղարշով պատված լինի:
Եվ նրանք առաջ գնացին: շուտով նրանց դիմավորեց չքնաղ ջրվեժը, որտեղ ջուրը խաղում էր լուսնի լույսի հետ: Ջրվեժի շուրջը պտտվում էին հիասքանչ թռչուններ ու երբեմն թռչում էին ջրի շիթերի տակ:
-Իսկ հիմա մենք անտառ կգնանք,-ասաց Էլֆը:
-Բայց այնտեղ լուսին չկա,- նորից վախեցավ տղան:
-Անտառում էլ այնքան գեղեցիկ է, որքան այստեղ, դու չես զղջա, արի ինձ հետ:
Եվ նա ճիշտ էր: Անտառում Էնիի նման ուրախ լիքը էլֆեր կային, որ իրար ձեռք բռնած խաղում էին լուսատտիկների լույսի ներքո, զբոսնում անտառում, զրուցում կենդանիների հետ: –
– Ահա մեր Մթնաշխարհը ու նրա բնակիչները: Բայց շատ շուտով լույսը կբացվի, փոքրիկ, և ժամանկն է, որ դու արթնանաս,-ասաց Էլֆ Էնին:
-Այո, ես հիմա կգնամ, ինձ այստեղ շատ դուր եկավ, ամեն ինչ այնքան գեղեցիկ էր: Հաջողություն:
-Ցտեսություն,-պատասխանեց Էլֆ Էնին.-հիշիր մեր մասին և այն ամենը, ինչ տեսար այստեղ, ամեն անգամ, երբ պառկես քնելու: Բայց սպասիր, ես կուղեկցեմ քեզ, մեր երկրում լապտեր չկա, գուցե դու վախենաս մթությունից:
-Ոչ, շնորհակալ եմ, ես մենակ կգնամ,-պատասխանեց տղան: Նա բոլորին հրաժեշտ տվեց ու մի անգամ էլ նայեց այդ գեղեցիկ աշխարհին, որպեսզի լավ հիշի…ու հենց այդ պահին էլ արթնացավ ու բաց արեց աչքերը:
Հաջորդ երեկոյան, երբ պառկում էր քնելու, սովորականի պես լույսը չանջատեց: Բայց հետո մտածեց. «Ինչո՞ւ վախենալ, երբ Մթնաշխարհում ամեն ինչ այդքան գեղեցիկ է»: Եվ վեր կացավ ու անջատեց լույսը: Երբ մայրիկը որոշ ժամանակ անց մտավ տղայի սենյակը, շատ զարմացավ՝ տեսնելով, որ լույսը անջատված է, իսկ հայրիկը, լսելով այդ մասին, ասաց, որ իրենց տղան մեծացել է:
Կարող եք հարցնել Ձեր փոքրիկին:
- Ինչո՞ւ էր տղան վախենում մթությունից:
- Ինչպես Էլֆը օգնեց տղային:
- Դու նո՞ւյնպես վախենում ես մթությունից: