«Փոքրիկ Իշխան» գրքի բոլոր նկարազարդումներն արել է Անտուան դը Սենտ Էքզյուպերին: Իհարկե, նա համոզված էր, թե ինքը այնքան էլ լավ չի կարողանում նկարել, բայց մենք հո գիտենք որ դա այդպես չէ… Նկարներն իսկապես շատ լավն են…
Բայց Էքզյուպերին պատմում է. «Երբ ես վեց տարեկան էի, «Ճշմարտացի պատմություններ» խորագրով մի գրքում, ուր պատմվում էր կուսական անտառների մասին, մի զարմանալի նկար տեսա: Նկարում հսկայական վիշապօձը մի գիշատիչ գազան էր կուլ տալիս: Ես շատ խորհեցի ջունգլիների արկածներով լի կյանքի մասին եւ գունավոր մատիտներով նկարեցի իմ առաջին ստեղծագործությունը: Դա իմ №1 նկարն էր: Ահա թե ինչպես էի նկարել: (Տես երկրորդ նկարը)
Ես իմ առաջին ստեղծագործությունը ցույց տվեցի մեծահասակներին եւ հարցրի` սարսափելի չէ արդյոք:
Մի՞թե գլխարկը սարսափելի է,- առարկեցին նրանք:
Իսկ դա ամենեւին էլ գլխարկ չէր, այլ մի վիշապօձ, որը փիղ էր կուլ տվել: Ստիպված վիշապօձը նկարեցի ներսի կողմից, որպեսզի մեծահասակներին հասկանալի լինի: Ախր նրանց ամեն բան պետք է բացատրել: Ահա իմ №2 նկարը: (Տես երրորդ նկարը)
Մեծահասակներն ինձ խորհուրդ տվեցին օձ չնկարել ոչ դրսի եւ ոչ էլ ներսի կողմից, այլ հետաքրքրվել աշխարհագրությամբ. պատմությամբ, թվաբանությամբ եւ ուղղագրությամբ: Ահա թե ինչպես պատահեց, որ ես վեց տարեկան հասակում հրաժարվեցի նկարչի փայլուն ապագայից: №1 եւ №2 նկարներով անհաջողության մատնվելուց հետո ես իմ նկատմամբ կորցրեցի հավատս: Մեծահասակները իրենք երբեք եւ ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ նրանց բացատրել ու գլուխները մտցնել:
Եվ այսպես, ես ստիպված էի ուրիշ մասնագիտություն ընտրել եւ սովորեցի ինքնաթիռ վարել»:
Ես էլ քեզ եմ ներկայացնում գրքի բոլոր նկարները, նայիր ու հաստատ կհամաձայնես ինձ հետ, Էքզյուպերին ոչ միայն հրաշալի օդաչու և գրող էր, այլև նկարիչ…