Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2019 թվականին կազմակերպում է Համահայկական IX մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը` «Իմ Սարյանը» խորագրով: Այն նվիրված է XX-րդ դարի մեծագույն նկարիչներից մեկին, հայ նկարչության արդի դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանին:
Մրցույթ-փառատոնն անցկացվում է կերպարվեստի բոլոր ճյուղերի (գրաֆիկա, գեղանկարչություն, քանդակ, խեցեգործություն, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն) շրջանակներում: Աշխատանքները կարող են ներկայացված լինել ցանկացած նյութով (ջրաներկ, գուաշ, ակրիլ, ածուխ, պաստել, կավ, տեքստիլ, մետաղ, փայտ և այլն):
Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել սփյուռքի բոլոր տիպի կրթօջախների, խմբակների, մշակութային կենտրոնների, Հայաստանի ու Արցախի հանրակրթական ու արվեստի դպրոցների, նկարչական խմբակների, ինչպես նաև մասնագիտական քոլեջների 6-18 տարեկան սաներ:
Մրցույթ-փառատոնն անցկացվելու է երկու փուլով: Առաջին փուլում հաղթողների աշխատանքները ներկայացվելու են ցուցահանդեսում և տպագրվելու են համապատասխան պատկերագրքում: Ցուցահանդեսին մասնակցած աշխատանքների հեղինակներից որոշվելու են վերջնական հաղթողները՝ կրթօջախները կամ անհատ հեղինակները:
Առաջին փուլում աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` մինչև 2019 թ. հունիսի 16-ը: Մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրվում են լավագույն աշխատանքները` ցուցահանդեսի կազմակերպման և պատկերագրքի տպագրման համար:
Երկրորդ փուլում մասնակիցները ներկայացնում են իրենց աշխատանքների բնօրինակները` ցուցադրման համար: Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների հեղինակներից կընտրվեն հիմնական և խրախուսական մրցանակակիրներ:
Մրցույթի մանրամասները կարդացեք այստեղ
Հավելյալ հարցերով կարելի է դիմել.
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.
հեռ. +374 10 58-13-91
Էլ.փոստ. [email protected]
Կայքէջ. www.edu.am
Էջ Facebook-ում. «Սփյուռքի բաժին ՀՀ կրթգիտնախ»
Գեղագիտության ազգային կենտրոն.
հեռ. +374 99 73-18-26 Եվա Խաչատրյան
Էլ.փոստ. [email protected]
Կայքէջ. www.nca.am
Էջ Facebook-ում. «National Center of Aesthetics»