Երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես են կապիկները ճոճվում ծառերի ճյուղերից։ Նրանք շատ ճարպիկ, խելացի և հետաքրքիր կենդանիներ են։ Եկեք պարզենք հետաքրքիր փաստեր նրանց մասին։
Կապիկների քաշը կարող է լինել մի քանի հարյուր գրամից մինչև 180 կիլոգրամ և ավելի, իսկ մարմնի երկարությունը՝ մինչև 2 մետր։ Որոշ կապիկներ ունեն երկար պոչ, իսկ մարդանման կապիկները պոչ չունեն։
Կապիկներն ունեն ուժեղ ձեռքեր և ոտքեր՝ հինգ մատով։ Նրանց մարմինը ծածկված է մազերով, իսկ դեմքն ու ականջները մազերով ծածկված չեն։ Նրանք շատ ճարպիկ են և հեշտությամբ մագլցում են ծառերի վրա։
Կապիկները լավ տեսնում և լսում են։ Նրանք հիմնականում ապրում են խմբերով։ Կապիկների մեծ մասը բնակվում է ծառերի վրա, իսկ որոշ տեսակներ, օրինակ՝ պավիանները, ապրում են գետնի վրա։

Կապիկները սնվում են պտուղներով, տերևներով, երիտասարդ ճյուղերով, միջատներով, խխունջներով, թռչունների ձվերով և փոքր կենդանիներով։ Նրանց գլխավոր թշնամիներն են օձերը, գիշատիչ թռչունները, կոկորդիլոսները և հովազները։
Սովորաբար կապիկը ունենում է մեկ ձագ, որի մասին երկար ժամանակ է հոգ տանոմ։ Փոքր կապիկները ապրում են մոտ 20–25 տարի, իսկ խոշոր մարդանման կապիկները՝ մինչև 50–60 տարի։
Այսօր շատ կապիկների թիվը բնության մեջ նվազել է, ուստի շատ տեսակներ գտնվում են կարմիր գրքում։
