Մեր հերթական hand made առաջարկը ահա այս փամփլիկ ու հմայիչ ձնեմարդն է: Այս խաղալիքը կարող եք դնել տոնածառի տակ կամ էլ կախել պատուհանից կամ դռնից և վերջապես կարող եք խաղալ նրա հետ այնքան, որքան կուզեք ու զարմանալի հեքիաթներ հորինել նրա մասին:
Ձնեմարդ պատրաստելու համար մեզ հարկավոր է՝ սպիտակ բրդե կիսագուլպա, բարակ զոլավոր կիսագուլպա, կոճակներ, թելեր, ասեղ:
Սկսում ենք աշխատանքը սպիտակ բրդե կիսագուլպայի հետ: Կտրեք կիսագուլպայի թաթը և ծայրը ամուր կարեք: Շրջեք ստացված «պարկը» և լցրեք այն բամբակով:
Ամուր կապեք նաև մյուս ծայրը: Կարող եք կարել ասեղով կամ պարզապես գեղեցիկ փաթաթել:
Հիմա հերթը զոլավոր կիսագուլպայինն է: Կտրեք կիսագուլպան մեջտեղից: Թաթի հատվածը կծառայի իբրև գլխարկ, իսկ մյուս մասը՝ հագուստ: Հագցրեք հագուստը և թելերով ձիգ կապեք:
Ձնեմարդու փորիկին շարեք կոճակները: Ամրացրեք աչքերն ու քթիկը: Եթե ձնեմարդու գլխին ամրացնեք փոքրիկ ժապավեն, ապա կկարողանաք նրան կախել պատուհանից կամ դռնից:
Ահա և վերջ, ձնեմարդը պատրաստ է: Թող այն դառնա հրաշալի ընկեր ձեզ համար ու միշտ հիշեցնի ամանորյա հրաշքի մասին: