Կարծեմ մենք արդեն հասցրել ենք անձրևից բողոքել և նրանից պաշտպանվելու միջոցներ գտնել, բայց ախր մոռացել ենք մի բան. երբ ավարտվում է գարնանային հորդառատ անձրևը, կապույտ ու խաղաղ երկնքում զգուշորեն հայտնվում է յոթնագույն հրաշքը՝ ծիածանը:
Մարդիկ շատ հին ժամանակներից են փորձել հասկանալ, թե ինչպես է առաջանում բնության այս գեղեցիկ երևույթը: Եվ այդ ընթացքում շատ առասպելներ են հորինել ծիածանի մասին: Օրինակ, հին հունական առասպելաբանության մեջ ծիածանը երկնքի և երկրի միջև ընկած ճանապարհ է եղել, որի վրայով քայլել է Իրիդան` աստվածների լրաբերը:
Չինաստանում կարծում էին, որ ծիածանը երկնային վիշապ է, երկնքի և երկրի կապը: Սլավոնական առասպելների մեջ ծիածանը համարվում էր կախարդական երկնային կամուրջ, ճանապարհ, որով հրեշտակներն իջնում էին երկիր` գետերից ջուր հավաքելու: Այդ ջուրը նրանք լցնում էին ամպերի մեջ և այսպես էլ առաջանում էր անձրևը: Իսկ աֆրիկացիները կարծում էին, որ ծիածանը երկնքի հսկայական օձն է, որ գալիս է երկրի գանձերը գողանալու: Տարօրինակ են, չէ՞ այդ աֆրիկացիները, ինչպե՞ս կարելի է կասկածել ծիածանի վրա:
Եվ վերջապես սերբերը, մակենդոնացիները և մի քանի այլ ժողովուրդներ համոզված էին, որ եթե անցնես ծիածանի տակով, կարող ես սեռդ փոխել: Ես էլ էի հավատում դրան, մտածում էի, գնամ, անցնեմ ծիածանի տակով ու տղա դառնամ, միայն թե որքան քայլում էի ծիածանին ընդառաջ, այդքան ավելի էր հեռանում նա ինձնից…
Լավ, հիմա մի կողմ դնենք առասպելներն ու վերադառնանք իրականություն: Եթե ուշադրություն դարձնենք, կնկատենք, որ ծիածան առաջանում է անձրևից առաջ կամ հետո և միայն այն դեպքում, եթե անձրևի հետ միասին ամպերի արանքով երևում է արևը: Բայց ինչպես են առաջանում ծիածանի գույները. արևի ճառագայթներն անցնում են անձրևի կաթիլների միջով, և յուրաքանչյուր կաթիլ ծառայում է որպես պրիզմա: Ստացվում է արևի սպիտակ ճառագայթը տրոհվում է յոթ` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն ճառագայթների:
Պատկերացնո՞ւմ ես, ծիածանը նաև օգնում է մարդկանց կանխագուշակել եղանակը. եթե այն բարձր է, նշանակում է, որ եղանակը լավն է լինելու, իսկ եթե ցածր` վատը:
Որպեսզի երբեք չմոռանանք ծիածանի գույների հերթականությունը, ընդամենը պետք է հիշել հետևյալ արտահայտությունը, որի առաջին տառերը խորհրդանշում են ծիածանի գույները.
ԿԱՏՈՒՆ ՆՍՏԱԾ ԴՌԱՆ ԿՈՂՔԻՆ ԵՐԱԶՈՒՄ ԷՐ ԿԵՐԻ ՄԱՍԻՆ:
Ահա այսքանը ծիածանի մասին, իսկ երբ հաջորդ անգամ անձրևի ու դու նորից տխրես, հիշիր, ծիածանը տեսնելու համար միշտ պետք է կարողանալ նայել անձրի միջով…
Անի Ավագյան