ՄԿՐԱՏԱՁԵՎ ՊՈՉԻԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ԾԻԾԵՌՆԱԿ


1 share

Ծիծեռնակ, ծիծեռնակ,
Դու՝ գարնան սիրուն թռչնակ,
Դեպի ո՞ւր, ինձ ասա,
Թռչում ես այդպես արագ:

Գևորգ Դոդոխյան 

Գարնան ավետաբեր թռչնակները արդեն վաղուց ճախրում են մեր քաղաքի կապուտակ երկնքով: Վստահ եմ, որ մկրատաձև պոչիկների շարանը երկնքում տեսնելով, ձեզ էլ է հետաքրքրում այս զարմանալի թռչունների կյանքի գաղտնիքները: Դե ուրեմն, միասին փորձենք բացահայտել մկրատաձև պոչիկների աշխարհը:

swallow_hirundo_rustica-1445952 Ծիծեռնակներն շատ բազմազան են, ունեն 79 տեսակ, միայն թե արտաքնապես դա գրեթե նկատելի չէ: Տարբեր տեսակների պատկանող ծիծեռնակները նաև միանման ապրելակերպ ունեն: Ծիծեռնակների թռիչքին նայելիս կարելի է կարծել, թե նրանք հենց այնպես թռչում են, խաղում արևի ճառագայթների հետ: Իրականում նրանք անդադար աշխատում են՝ միջատներ են որսում: Մարդիկ ծիծեռնակների հետ մի նախանշան են կապել. եթե նրանք բարձր են թռչում, արևոտ եղանակ է լինելու, ցածր են թռչում, անձրև է գալու: Նախանշանը ճիշտ է, բայց բանն այստեղ ոչ թե ծիծեռնակներն են, այլ այն միջատները, որոնց  նրանք որսում են: Անձրևից առաջ, երբ օդն ավելի է խոնավանում, միջատների թևիկներն ուռչում են և ծանրանալով նրանց ավելի ներքև են քաշում: Եթե մենք կարողանայինք օդում ծիծեռնակներից բացի նկատել նաև փոքրիկ միջատներին, ապա անմիջապես ամեն ինչ կհասկանայինք:

swallow-in-flight-4

Ծիծեռնակները միջատներին որսում են միայն օդում: Բայց հեշտ չէ որսալ այնքան միջատ, որ բավականացնի թե իրենց, թե իրենց ձագուկներին: Այ դրա համար էլ ծիծեռնակն ամբողջ օրը, մինչև մութն ընկնելը անց է կացնում օդում, միայն երբեմն նստում է հանգստանալու ծառի բարակ ոստին կամ հաղորդալարին: Իսկ բնի մոտ ծիծեռնակը թռչում է հարյուրավոր անգամներ և ամեն անգամ իր ձագուկներին կերակրում է մի քանի միջատիկով: Նա հազվադեպ է իջնում գետնին, որովհետև վատ է քայլում և գետնից էլ դժվարությամբ է վեր թռչում: Ջուրն անգամ խմում է թռչելիս՝ կտուցով որսալով կաթիլը:

Իրենց բները ծիծեռնակները կառուցում են այնպիսի տեղերում, որտեղից հեշտ է  անմիջապես սրընթաց թռչելը՝ քարափներին, պատերին, կտուրներին: Բները հիմնականում կառուցված են ծղոտի կտորներից ու ամրացված են հողով ու կավով: Քաղաքաբնակ ծիծեռնակների բները գնդաձև են, գյուղաբնակներինը՝ բաժականման: Իսկ ծովափնյա ծիծեռնակները երբեմն փոսիկներ են փորում ու այնտեղ պատրաստում իրենց բույնը:

Ձմռանը ծիծեռնակները չվում են (եթե ուզում ես իմանալ, թե որ թռչուններն են չվում ձմռանը, իսկ որոնք ոչ, ապա կարող ես կարդալ այդ մասին ահա այստեղ): Իսկ մենք… Մենք սկսում ենք կրկին անհամբերությամբ սպասել մկրատաձև պոչիկների գալուստին, նրանց հրաշալի բանստեղծություններ ու երգեր ենք նվիրում, չէ՞ որ նրանք աշխարհի ամենագեղեցիկ ու բարի թռչնակներն են, որոնք մեր բնությանն ու մեր սրտերին իսկական գարուն են բերում…

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։