Մայիսյան մի հետաքրքիր տոն ևս՝ այսօր նշվում է ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ համաեվրոպական օրը: Հարևաններ ունեն բոլորը՝ թե մարդիկ, թե կենդանիները, թե երկրներն ու մոլորակները… Եվ որպեսզի մենք չմոռանանք այն մասին, որ բոլորս իրար մոտ ենք ապրում և կամա ակամա կապված ենք միմյանց՝ 2000թ.-ին Փարիզում ստեղծվեց հարևանների օրը:
Այս տոնն արդեն նշում են ավելի քանի 30 երկրներում: Այն ստեղծել է ֆրանսիացի Աթանաս Պերիֆանը: Ստեղծման պատճառն էլ մեկնաբանել է այսպես՝ «Եկեք այս ֆանտաստիկ մտահղացումը առիթ դարձնենք նշելու մեր կապվածությունն ու միասնությունը, չէ՞ որ դրանք այնքան թանկ արժեն»:
Եթե դուք էլ եք ցանկանում միանալ տոնին, ապա այն նշելը շատ հեշտ է: Պարզապես նախօրոք պայմանավորվեք բոլոր հարևաններով, ընտրեք ժամը և տեղը, դա կարող է լինել շենքի բակը, մոտակա այգին կամ էլ ինչ-որ մեկի բնակարանը: Կարևորն այն է, որ ստեղծվի մտերմիկ միջավայր: Յուրաքանչյուրը իր հետ նաև պետք է իր ձեռքով պատրաստած մի համեղ ուտեստ բերի և իհարկե բարձր տրամադրություն: Ահա այսքանը, շնորհավոր ձեր(նաև իմ) տոնը, իմ սիրելի հարևաններ…
Տիգրանուհի Թասլակյան