Ուռա՜, արդեն ամառ է… Եվ ամռան առաջին օրը նշանավորվում է մի շատ գեղեցիկ և ուրախ տոնով: Այսօր հունիսի 1-ն է՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Մենք ունենք մեզ նվիրված մի ամբողջ օր, այնպես որ շտապիր այն անցկացնել հետաքրքիր ու հիշարժան: Կարուսելներ, մանկական խաղեր, համերգներ… էլ ի՞նչ է պետք ուրախ ու անհոգ լինելու համար:
Այս օրը սահմանվել է 1925թ.-ին՝ Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: Առաջին անգամ հունիսի 1-ը՝ որպես երեխաների պաշտպանության օր, նշվել է 1950թ.-ին, իսկ թե ինչու է այս տոնի համար ընտրվել հենց հունիսի 1-ը՝ պարզ չէ: ՄԱԿ-ը սատարել է այդ նախաձեռնությանը և երեխաների իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանությունը հայտարարել է իր գործունեության հիմնական նպատակներից մեկը:
Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս Երևանում ու մարզերում տեղի են ունենալու միջոցառումներ՝ երեխաների համար: Քաղաքը նորից զարդարվելու է գունավոր փուչիկերով, գետնին նկարած հետաքրքիր պատկերներով, մանկան խինդ ու ծիծաղով… Շտապիր դու էլ մասնակից դառնալ այս ուրախությանը ու վարակել բոլորին քո հմայիչ ժպիտով:
Իսկ թե ինչ միջոցառումներ են սպասվում այսօր, կարող ես կարդալ այս էջում:
Տիգրանուհի Թասլակյան