Աղքատությունն ու մանկական աշխատանքը փոխկապակցված են… Եվ եթե դուք փորձում եք մանկական աշխատանքի միջոցով պայքարել աղքատության դեմ, մի΄ մոռացեք` այդպիսով ձեր առաջ կանգնած կլինեն և΄ աղքատություն, և΄ մանկական աշխատանք …
Գրեյս Էբբոթթ
Այսօր երեխաների աշխատելուն և տանջվելուն «ոչ» ասելու միջազգային օրն է, որը սահմանել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ-ն): Օրացույցում նոր միջազգային օր ավելացնելու գաղափարն առաջացել է մի կոնֆերանսից հետո, որտեղ քննարկվում էին երեխաների ամենադաժան և ծայրահեղ աշխատանքները: Այդ կոնֆերանսը տեղի է ունեցել 1997 թվականին, որից հետո էլ ամեն տարի հունիսի 12-ին նշվում է այս օրը:
Հանրությունն անտարբեր չմնաց, այս ամենը գրավեց նրա ուշադրությունը և շատերը ջանք չխնայեցին վերացնել մանկական աշխատանքը: Աշխատանքի միջազգային կազմակերպությունը օգնություն ցուցաբերեց դաժան պայմաններում աշխատող շատ ու շատ երեխաների, բայց դեռ այնքա՜ն բան կա անելու…
Վերջին տվյալներով` աշխատող երեխաների թիվը 215 միլիոն է, ընդ որում` նրանցից 115 միլիոնը աշխատում է շատ վտանգավոր պայմաններում:
Աշխատանքի միջազգային կազմակերպությունն իր առաջ նպատակ է դրել մինչև 2016 թվականը օգնել գոնե վտանգավոր պայմաններում աշխատող երեխաներին, այն 115 միլիոնին …
Ահա ևս մեկ առիթ երեխաների հանդեպ ուշադիր լինելու…
Անի Ավագյան